Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 29-10-2017
«ՌեԱնիմանիա»-ն մեկնարկեց «Վան Գոգի կրքերը» ֆիլմով
Հոկտեմբերի 28-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «ՌեԱնիմանիա» փառատոնի բացումը:

Բազմաթիվ կինոգետներ եւ կինոսերներ էին եկել մասնակցելու շատ սպասված ամենամյա փառատոնի բացմանը եւ ներկա գտնվելու լեգենդար Վինսենթ Վան Գոգի հիշատակին նվիրված «Վան Գոգի կրքերը» ֆիլմի պրեմիերային: 



«ՌեԱնիմանիա» Երեւանի 9-րդ փառատոնի բացման արարողությանը հատուկ խոսքով հանդես եկավ փառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին: Ողջունելով ներկաներին՝ նա խոստովանեց, որ նման փառատոնի ստեղծման ցանկություն կար դեռեւս 2006 թ., երբ դա ուղղակի թղթին արձանագրված միտք էր, մեծ երազանք, որ անհասանելի էր թվում։

Բացման արարողությանը ներկա էր նաեւ «Վան Գոգի կրքերը» ֆիլմի պրոդյուսեր Շոն Բոբիթը. «Ուրախ եմ, որ ֆիլմը նախքան ցուցադրությունն արդեն մեծ արձագանք է ստացել նաեւ  Երեւանում՝ «ՌեԱնիմանիա» փառատոնի շրջանակում»։ 



«Վան Գոգի կրքերը» համաշխարհային կինեմատոգրաֆիայի պատմության մեջ առաջին լիամետրաժ անիմացիոն ֆիլմն է, որը յուղաներկով ամբողջությամբ նկարվել է կտավի վրա: Այն կենդանացնում է Վինսենթ վան Գոգի գեղանկարները՝ պատմելով նրա ուշագրավ կյանքի մասին։ Ֆիլմի 65 000 կադրերից յուրաքանչյուրը ձեռքով նկարվել է 115 պրոֆեսիոնալ գեղանկարիչների ջանքերով, ովքեր ամբողջ Եվրոպայից հավաքվել էին՝ այդ յուրօրինակ ֆիլմարտադրությանը մասնակցելու համար։ 

Նկատի ունենալով բացման ֆիլմին ներկա գտնվելու ցանկություն ունեցողների մեծ քանակը՝ «Վոն Գոգի կրքերը» ֆիլմը կցուցադրվի եւս մեկ անգամ՝ հոկտեմբերի 31-ին՝ ժամը 20։15-ին, «Մոսկվա» կինոթատրոնի Կապույտ դահլիճում։