Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 28-10-2017
Մեկնարկում է «ՌեԱնիմանիա»-ն
Այսօր մեկնարկում է «ՌեԱնիմանիա» Երեւանի միջազգային անիմացիոն կինոյի եւ պատկերապատման արվեստի 9-րդ փառատոնը։ Այս տարի կազմակերպիչները փառատոնին մասնակցելու համար 100 երկրից ավելի քան 2500 դիմում են ստացել։

Լրագրողների հետ հանդիպմանը փառատոնի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունին ընդգծեց, որ այս տարի ընդլայնվել է փառատոնի շրջանակում ցուցադրվելիք ֆիլմերի աշխարհագրությունը. «Շնորհավորում եմ բոլորիս այսօրվա կապակցությամբ, որովհետեւ փառատոնը 9-րդն է, ինչը նշանակում է, որ հաջորդ տարի նշելու ենք արդեն 10-ամյակը: Այն համընկնելու է հայկական անիմացիայի 80-ամյակին: Այս տարի ներկայացված դիմումների թիվը գերազանցել է նախորդ տարվա դիմումներին, ինչը վկայում է փառատոնի հանդեպ տարածաշրջանում եւ աշխարհում մեծ ուշադրության մասին»։

Խոսելով հայկական անիմացիոն ֆիլմերի մասին՝ Վրեժ Քասունին նշեց, որ փառատոնի կարճամետրաժ եւ հեռուստատեսային մրցութային ծրագրերում ընդգրկված է հայկական 5 ֆիլմ:



«Հայկական հատուկ ծրագիր ներկայացված չէ: Մեր արտադրությունն այդքան շատ չէ, որ ամեն տարի նոր հատուկ ծրագիր անենք, չենք էլ ուզում արհեստականորեն ծրագրեր ստեղծել»,- ասաց փառատոնի տնօրենը։

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտն էլ նշեց, որ շատ գոհ է Հայաստանում եղած կարճ ժամանակահատվածում արդեն իսկ նման փառատոնի մասնակցելու համար. «Ֆրանսիայի դեսպանությունը փառատոնի ստեղծման օրվանից իր աջակցությունն է ցուցաբերել եւ շարունակում է դա անել: Բնականաբար, մեզ գոհունակություն է պատճառում այն իրողությունը, որ ֆրանսիական կինոն լայն ներկապնակով ներկայացված է այս կինոփառատոնին։ Անիմացիոն ֆիլմերի ոլորտում համաշխարհային մակարդակով Ֆրանսիան երրորդ առաջատար երկիրն է, ուստի մեր մասնակցությունը փառատոնին բնավ էլ պատահական չէ»։



Ժոնաթան Լաքոտը նաեւ ուրախությամբ ընդգծեց,որ  փառատոնի շրջանակում ցուցադրվելու է ֆրանսիական կինոարտադրության 32 ֆիլմ։

ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Արմենուհի Ղազարյանն էլ հավաստիացրեց, որ փառատոնն այս տարի եւս բավականին հետաքրքիր է լինելու մշակութասեր հասարակության համար: Նա ընդգծեց, որ պատահական չէ՝ այդ փառատոնը նույնպես ընդգրկված է Մշակույթի նախարարության պետական ծրագրերում եւ դարձել է ավանդական. «Մեր քաղաքականության հիմքերից մեկը ոլորտում բազմաժանր մոտեցումն է, իսկ անիմացիոն ժանրը մեզ համար ամենահետաքրքիր ժանրերից է»։



Փառատոնը կմեկնարկի «Վան Գոգի կրքերը» ֆիլմի ցուցադրությամբ։ Ասուլիսին ներկա էր նաեւ այդ ֆիլմի պրոդյուսեր Շոն Բոբիթը։ Նրա համոզմամբ՝ Վան Գոգը համաշխարհային ճանաչում ունեցող դեմք է, այդ պատճառով էլ ֆիլմի ստեղծման գործում ունեցել են տարբեր երկրների նկարիչների մասնակցություն: Նա ցավով  հայտնեց, որ հայ նկարիչների հետ չեն աշխատել, սակայն փառատոնը հիանալի հնարավորություն է ֆիլմը հայ հանրությանը ներկայացնելու համար։

Ի դեպ, հաջորդ տարի «ՌեԱնիմանիա» փառատոնի 10-ամյակն է, ուստի կազմակերպիչները Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ կփորձեն այն համատեղ ներկայացնել Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին: