Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 27-10-2017
Գարի Քյոսայանը հանդես կգա հոբելյանական համերգով
Հոկտեմբերի 28-ին «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում տեղի կունենա կոմպոզիտոր, ջազային դաշնակահար եւ երգեհոնահար Գարի Քյոսայանի հոբելյանական համերգը:

«Message of Ararat» խորագրով համերգի հատուկ հյուրերն են ամերիկացի տաղանդավոր ջազմեններ, «Գարի Քյոսայան» ջազ քառյակի անդամներ Լուիս վան Թեյլորը (սաքսոֆոն), Կարլ Վինսենտը (կոնտրաբաս), Դոնզել Դեւիսը (հարվածային գործիքներ), իսկ Հայաստանից նրանց կմիանան Նելլի Մանուկյանը (ֆլեյտա) եւ երգչուհիներ Ալլա Սահակյանը, Սոնա Ումրոյանը, Մարբեյը: 



Համերգին ընդառաջ՝ այսօր, տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որի ընթացքում արտիստները մի շարք մանրամասներ ներկայացրեցին կայանալիք համերգի, իրենց գործունեության եւ համագործակցային շրջանակների մասին: 

Կոմպոզիտոր, ջազային դաշնակահար եւ երգեհոնահար Գարի Քյոսայանի խոսքով՝ դա հոբելյանական համերգ է, որին շատ վաղուց են պատրաստվել, իսկ դահլիճն անգամ ամրագրել են դեռեւս մայիս ամսից: 



«Հայ հանդիսատեսը կլսի ինչպես նախկին, այնպես էլ նոր ստեղծագործություններ: Կլինի 3 նոր ստեղծագործություն, բոլորը՝ պրեմիերաներ: Համերգային ծրագիրն իհարկե կզարդարեն մեներգչուհիները»,- նշեց կոմպոզիտորը եւ հավելեց, որ հանդիսատեսին սպասվում է նաեւ անակնկալ, սակայն թե ինչ անակնկալ՝ չասվեց:

Ալլա Սահակյանն անակնկալի մասին խոսելիս նշեց, որ հանդիսատեսը երեկոյին ականատես կլինի մի իրադարձության, որը երբեք չի եղել:



Սաքսոֆոնահար Լուիս վան Թեյլորը մեծ ուրախությամբ նշեց իր՝ Հայաստանում գտնվելու մասին: Նա Գարի Քյոսայանի հետ համագործակցում է դեռ 1995 թվականից. «Սպասումներն այս համերգից մեծ են: Մենք սպասում ենք հանդիսատեսից ստանալ ջերմություն եւ էներգիա, որոնք եղել են միշտ: Այստեղ հավաքված են շատ տաղանդավոր երաժիշտներ: Նրանցից յուրաքանչյուրն իր մասնակցությամբ յուրահատկություն է հաղորդում: Ես կարծում եմ, որ մեր համագործակցությունը կատարյալ արդյունք է տալիս»:

Կոնտրաբասիստ Կարլ Վինսենտն էլ, խոսելով իմպրովիզների մասին, նշեց, որ ջազը յուրահատուկ ժանր է, որը քեզ թույլ է տալիս ազատ նվագել. «Յուրաքանչյուր համերգի դու կարող ես անել իմպրոֆիզ եւ ամեն անգամ՝ տարբեր: Հենց դա է ջազի յուրահատկությունը: Գիտե՞ք, հետաքրքիրն այն է, որ նվագելու առաջին վայրկյաններին ամեն ինչ քաոսային է թվում, քանի որ չգիտես՝ ինչ կպատահի, սակայն ջազը միշտ թույլ է տալիս, որ դրական բան պատահի բեմում»:



Ի հավելումն իմպրովիզների՝ Գարի Քյոսայանը նշեց, որ իմպրովիզները տեղին են, սակայն երբ դրանք համապատասխանում են ջազի հատուկ օրենքներին: 

Հավելենք, որ համերգը, որի ժամանակ հայ հանդիսատեսը կվայելի Գարի Քյոսայանի ինքնատիպ ստեղծագործությունները, ինքնին բացառիկ է լինելու: