Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 26-10-2017
«Yerevan Jazz Fest-2017» փառատոնն այս տարի եւս կլինի յուրահատուկ
Արդեն երկու տարի է, ինչ Ջազի հայկական ասոցիացիան կազմակերպում է «Yerevan Jazz Fest» ամենամյա միջազգային փառատոնը, որի շրջանակում Հայաստան են այցելում երաժիշտներ ԱՄՆ-ից, Ավստրիայից, Ֆրանսիայից, Լիբանանից, Վրաստանից, Ռուսաստանից եւ Անգլիայից:



Ինչպես հայտնի է, «Yerevan Jazz Fest-2015»-ի ընթացքում Երեւանը հյուրընկալել է աշխարհահռչակ բաս կիթառահար եւ վիրտուոզ Ռիչարդ Բոնային, 2016-ին՝ երկու մեներգչուհիներ, «Գրեմմի» եռակի մրցանակակիր Դի Դի Բրիջուոթերին եւ բրիտանացի Ջոս Սթոունին: Այս տարի փառատոնը հյուրընկալել է մեգաաստղեր Մարկուս Միլլերին եւ Գոնսալո Ռուբալկաբային: Փառատոնի մեկնարկը կտրվի այսօր՝ հոկտեմբերի 26-ին, եւ կտեւի մինչեւ նոյեմբերի 3-ը:



Փառատոնի մեկնարկից առաջ հանրահայտ կոմպոզիտոր, գործիքավորող, ունիկալ երաժիշտ Մարկուս Միլլերը, ինչպես նաեւ Լեւոն Մալխասյանը, Վազգեն Ասատրյանը, Արտո Թունջբոյաջյանը եւ Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյանը հանդիպում ունեցան լրագրողների հետ:

Մարկուս Միլլերի խոսքով՝ իր համար մեծ պատիվ եւ երջանկություն է այս փառատոնին մասնակցելը. «Ուրախ եմ ոչ միայն ես, այլեւ իմ թիմը: Երբ լսեցի փառատոնի մասին եւ միանգամից համաձայնեցի՝ ասելով՝ անշուշտ»:



Խոսելով իր կյանքում կարեւոր դեր խաղացած անձանց եւ երաժիշտների մասին՝ Մարկուս Միլլերը նշեց. «Ես կտամ մի շարք երաժիշտների անուններ, որոնց արվեստով հիացել եմ միշտ. Մայլս Դեւիս, Սթիվի Ուանդեր եւ իհարկե իմ հայրիկը: Ճիշտ է, նա հայտնի չէ, սակայն դասական երաժիշտ է: Ես երջանիկ մարդ եմ ինձ համարում, քանի որ ընտրել եմ այս ոլորտը: Ջազն ինքնին յուրահատուկ արվեստ է, իսկ այդ յուրահատկությունը լսարանի հետ մշտապես կապի մեջ լինելն է: Դասական երաժշտությունը դու չես կարող փոխել, իսկ ջազը… Ջազը դու կարող ես մատուցել պահի թելադրանքով: Ես՝ որպես երաժիշտ, միշտ կապը պահպանում եմ լսարանի հետ, քանի որ ես հենց այդպես եմ կարողանում հասկանալ, թե որն է իմ հաջորդ քայլը: Գիտե՞ք, մարդիկ կարծում են, որ ջազն ակումբային երաժշտություն է եւ ոչ համերգային, սակայն ես կարեւորում եմ այդ կարծրատիպը կոտրելը: Ջազն անհրաժեշտ է հանել ակումբային մակարդակից եւ տարածել: Մենք ինքներս համագործակցում ենք շատ համերգասրահների հետ, իսկ դա կարեւոր է»:



Այն հարցին, թե հանրությանն ու արտիստներին ինչ են տալիս ջազային փառատոները, Մարկոս Միլլերը նշեց, որ այդպիսով արտիստները կարողանում են հաղորդակցվել հանրության հետ եւ ինքնադրսեւորվել: Նրա խոսքով՝ հանդիսատեսը երբեմն կարողանում է անգամ 3 նոտայից կռահել, թե այդ պահին որ երաժիշտն է բեմում: «Չգիտեմ՝ ինձ 3 նոտայից կճանաչեն, թե՝ ոչ, սակայն 5-ից՝ հաստատ»,- կատակեց երաժիշտը:



Մարկոս Միլլերը խոստովանեց, որ հայկական երաժշտությանը դեռեւս ծանոթ չէ, սակայն խոստացավ որպես տնային հանձնարարություն լսել եւ ծանոթանալ: Լեւոն Մալխասյանը նրան հանձնեց մի շարք ձայնասկավառակներ, որտեղ տեղ են գտել հայկական լավագույն երգերը:



Լեւոն Մալխասյանն էլ փաստեց, որ այս տարի փառատոնն առանձնանալու է: Նրա խոսքով՝ ամեն տարի հայտնի երգիչներ են ներկա գտնվել փառատոնին. այս տարին եւս բացառություն չէ. «Շատերն ասում են, որ ջազը հիմա է մոդայիկ, սակայն իրականում ջազը Հայաստանում միշտ է մոդայիկ եղել: Բացի դրանից՝ սա այն երաժշտությունն է, որն իրեն չի սպառում: Այդ ամենը փաստում է մարդկանց հետաքրքրությունը: Մենք ունեցել եւ ունենք շատ լավ երաժիշտներ, որոնց գործը շարունակում է այսօրվա սերունդը: Նրանք եւս տաղանդավոր են»:



Արտո Թունջբոյաջյանն իր հերթին եւս մեծ ուրախությամբ փաստեց այդ փառատոնի առկայության մասին: Նրա խոսքով՝ եթե չլիներ ջազը, ապա այսօր այստեղ հավաքված չէին լինի, չէր լինի նաեւ այդ հրաշալի փառատոնը: 

Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսիսյանի հավաստմամբ՝ այս տարի փառատոնն իսկապես առանձնահատուկ է: Ամեն տարի մի քաղաքի նվիրվում է, իսկ այս տարի հերթը Գյումրիինն է. «Փառատոնն այս տարի իրականացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Այս տարի աննախադեպ է նաեւ տոմսերի վաճառքը. դրանք վաղուց վաճառվել են: 2018-ին խոստանում ենք ներկայանալ լրիվ այլ, նոր եւ առավել հետաքրքիր ծրագրերով»:



Նշենք, որ «Yerevan Jazz Fest-2017»-ը նվիրված է հայտնի «Zildjian» բրենդի հիմնադիր Ավեդիս Զիլիդջյանին, ով սկիզբ է դրել համաշխարհային ճանաչում ունեցող հարվածային գործիքների ծնծղաների արտադրությանը: 



Փառատոնի բացումը հոկտեմբերի 26-ին տեղի կունենա Մարզահամերգային համալիրում: Հոկտեմբերի 29-ի համերգը կկայանա Ա. Խաչատրյանի անվան համերգասրահում, ելույթ կունենա Հայաստանի պետական ջազ նվագախումբը (գեղ. ղեկավար՝ Արմեն Հյուսնունց), Լեւոն Մալխասյանը, Իգոր Բուտմանը (Ռուսաստան), Անի Արզումանյանը (Ֆրանսիա), Աննա Վարդազարյանը:



Հոկտեմբերի 30-ին փառատոնային համերգը կկայանա Գյումրու Վ. Աճեմյանի անվան թատրոնում, ելույթ կունենան Լեւոն Մալխասյանը, Ալեքսիս Ավագյանը (Ֆրանսիա), «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» խումբը, Վազգեն Ասատրյանը, Լուսինե Սարգսյանը:

Նոյեմբերի 1-ին Ա. Խաչատրյանի անվան համերգասրահում հանդես կգան Արտո Թունջբոյաջյանը եւ «Armenian Navy Band»-ը, Արտակ Ներսիսյանը, Մարինե Հակոբյանը, Պակո Սառը (Սենեգալ):



Փառատոնը կամփոփվի Ա. Խաչատրյանի անվան համերգասրահում Գոնսալո Ռուբալկաբայի (Կուբա), «Վահագն Հայրապետյան» կվինտետի, Ալեքսիս Ավագյանի (Ֆրանսիա) մասնակցությամբ կայանալիք համերգով:

Պատկերասրահ՝ Մարկուս Միլլեր. «Yerevan Jazz Fest-2017»