Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 26-10-2017
Այս տարի լրանում է «Mea Culpa» ներկայացման 15 տարին
Հոկտեմբերի 25-ին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում «Mea Culpa»-ի ստեղծագործական խմբի կողմից հանդիսատեսին ներկայացվեց «Մեա Կուլպա-2»-ը կամ «Սիրով՝ ապագայից» ներկայացումը:



Ներկայացման հեղինակը Վահրամ Սահակյանն է, բեմադրող ռեժիսորը` Արթուր Սահակյանը, մտահղացման հեղինակն ու պրոդյուսերը` Արմեն Համբարձումյանը:

Մոտ 3 ժամ տեւած ներկայացումն իրենց դերասանական անզուգական խաղով համեմեցին սիրելի դերասաններ Հրանտ Թոխատյանը, Սամսոն Ստեփանյանը, Լեւոն Հարությունյանը, Ջուլիետտա Ստեփանյանը, Արա Սարգսյանը, Իրինա Դանիելյանը, Արա Կարագյանը եւ Գեւորգ Մինասյանը:



Ներկայացման ավարտից հետո ստեղծագործական խումբը հանդիպում ունեցավ լրագրողների հետ:

Հրանտ Թոխատյանի խոսքով` ինչպես առաջին ներկայացման, այնպես էլ երկրորդի դեպքում ամենեւին էլ միտում չի եղել շեշտը դնել իշխանավորի, ոչ իշխանավորի, նրանց լավի ու վատի վրա: 

«Մենք որտեղ էլ գտնվենք, պետք է գիտակցենք ու զգանք մեր մեղքը: Ներկայացման մեջ արտացոլված ապագան եւ ապագայի ղեկավարի կերպարին մենք ձգտում ենք հասնել: Սա առաջին հերթին ուղերձ է ժողովրդին, եւ կապ չունի՝ դու մտավորական ես, իշխանավոր. դու ժողովրդի մի մասնիկն ես»,- նշեց Հրանտ Թոխատյանը:



Ստեղծագործական խումբը նաեւ ցանկություն հայտնեց լսելու լրագրողների տեսակետներն ու կարծիքները: Նշենք, որ ներկայացման մեջ անդրադարձ էր կատարվել նաեւ լրագրողներին:

Սա ներկայացում է, որը հանդիսատեսին պարգեւեց ծիծաղ, ժպիտներ, բուռն էմոցիաներ, սակայն յուրաքանչյուրին նաեւ առիթ տվեց խորհելու ու մտածելու իր, երկրի եւ առհասարակ թե յուրաքանչյուրն ինչ է արել իր երկրի համար: