Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 26-10-2017
Կայացավ Ժակ Ռանսիերի «Անգետ ուսուցիչը» գրքի թարգմանության շնորհանդեսը
Հոկտեմբերի 25-ին Ժամանակակից արվեստի ինստիտուտի գործունեությամբ հետաքրքրվողներին եւ պարզապես ընթերցողներին ներկայացվեց ֆրանսիացի փիլիսոփա Ժակ Ռանսիերի «Անգետ ուսուցիչը» երկի թարգմանությունը:



Թարգմանության խմբագիրը Նազարեթ Կարոյանն է: Նա մեզ հետ զրույցում պատմեց այդ նախագծի եւ թարգմանչական աշխատանքների մասին. «Շատ հանգամանքներ եւ էլեմենտներ այնպես էին դասավորվել, որ ես այդ միտքն ունեցա:
Թարգմանիչ Արմեն Վշտունին, ով եւս հանգամանքների բերումով էր դարձել թարգմանիչ, իր վերջին թարգմանությունները կատարել էր հեռավոր ութսունականների սկզբին։ Երբեւիցե գործ չէր ունեցել փիլիսոփայական տեքստերի հետ։ Իր սոցիալական պայմանները նույնիսկ սովորական կյանքով ապրելու համար էին բարդ, իսկ նմանօրինակ աշխատանք կատարելու համար՝ գրեթե անհնար: Վշտունուն պատվիրելով գրքի թարգմանությունը՝ ի սկզբանե համոզված չէի, որ կհասնենք աշխատանքի բարեհաջող ավարտին։ Սակայն ի պատիվ Վշտունու եւ հուրախություն ինձ՝ տեքստի թարգմանությունը հասավ իր ավարտին»:



Նազարեթ Կարոյանի խոսքով՝ կային մի շարք հանգամանքներ, որոնք եւս խթան հանդիսացան այդ աշխատանքի համար, մասնավորապես՝ քաղաքացիական շարժումները: Դա առավել շատ մշակութային ոլորտի փոփոխության շարժում էր: Երկրորդ հանգամանքի մասին խոսելով՝ խմբագիրը կարեւորեց թարգմանությունների նկատմամբ աճող հետաքրքրությունները: Երրորդը կապված է կրթության հետ:



«Մենք մշտապես տարբեր մակարդակներում խոսում ենք կրթության մասին, փորձում դեղատոմսեր առաջարկել, ճանապարհներ փնտրել կրթական համակարգը փոխելու համար: Գիրքն անդրադառնում է խնդիրների, որոնք կարեւոր են, սակայն կան որոշակի այլ կոնտեքստներ եւս, որոնք առավել խորքային են, եւ որոնք պետք է ընկալել եւ հասկանալ ընթերցելուց հետո»,- նշեց նա:  



Եվ այսպես՝ գրքասեր հասարակության գրապահոցը համալրվեց եւս մեկ գրքով՝  ֆրանսիացի փիլիսոփա Ժակ Ռանսիերի «Անգետ ուսուցիչը» երկի թարգմանությամբ: Գիրք, որը խորքային անկյունների մասին մտածելու եւ կյանքում առկա որոշ իրադարձություններ վերաիմաստավորելու եւ արժեւորելու հնարավորություն կտա: