Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 25-10-2017
Հայ եւ եվրոպացի կոմպոզիտորների երգչախմբային գործեր՝ «Հովեր»-ի համերգին
Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակում հոկտեմբերի 24-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ «Հովեր» պետական կամերային երգչախմբի համերգը։ Համերգային երեկոյի ընթացքում ներկայացվեցին հայ եւ եվրոպացի կոմպոզիտորների երգչախմբային ստեղծագործություններից։



«Այսօրվա համերգը նշանակալի է, քանի որ «Հովեր» կամերային երգչախմբի իգական կազմն առանձին կազմով հանդես կգա Նարինե Ոսկանյանի ղեկավարությամբ։ Առաջին անգամ է այս ծրագիրը բեմ դուրս գալիս։ Համերգի երկրորդ բաժնում ելույթ կունենա երգչախմբի ամբողջ կազմը»,- համերգի մեկնարկին նշեց երգչախմբի դիրիժոր Սոնա Հովհաննիսյանը: 



Նրա խոսքով՝ երգչախումբը բազմաթիվ ծրագրեր ունի. մասնավորապես աղջիկների կազմը, հնարավոր է, հաջորդ տարի հանդես գա Զատկի փառատոնին: 

Ի դեպ, երգչախումբն առաջին անգամ չէ հանդես գալիս խաչատրյանական փառատոնի ընթացքում՝ երաժշտական տոնի ունկնդրին ներկայացնելով ինքնատիպ գործեր:



«Հովեր» պետական կամերային երգչախմբի երգացանկն ընդգրկում է խմբերգային բազմաժանր ստեղծագործություններ: Երգչախումբը ձայնագրել է 7 ձայնասկավառակ, մասնակցել է մի շարք գեղարվեստական ֆիլմերի երաժշտական աշխատանքներին, համերգներով հանդես է եկել Իտալիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Ռուսաստանում, Լեհաստանում, Թայվանում, Բելգիայում, Էստոնիայում, Լիտվայում, ԱՄՆ-ում, Լիբանանում, Շվեյցարիայում, Սլովենիայում, մի շարք երկրներում մասնակցել է միջազգային երգչախմբային մրցույթ-փառատոների: 



2009 թ. «Հովեր» կամերային երգչախմբին շնորհվել է պետական կարգավիճակ: 2017 թ. սեպտեմբերի 25-ին «Հովեր»-ը տոնեց իր 25-ամյակը։ 

Երգչախումբը հիմնել եւ ղեկավարում է Երեւանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյանը: