Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 24-10-2017
Ներկայացվեց «Փեակների տարաբախտություն»-ը
Հոկտեմբերի 23-ին Կամերային թատրոնում տեղի ունեցավ գրող, արձակագիր, թարգմանիչ Դիանա Համբարձումյանի «Փեակների տարաբախտություն» անտիպ վեպի շնորհանդեսը: Գրքի առանցքում Շվեդիա արտագաղթած հայ ընտանիքի պատմությունը, նրանց ապրումները, հոգեվիճակը, երջանկության եւ ներդաշնակության որոնումներն են:



Շնորհանդեսին ներկա էին ՀՀ գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, վեպի հեղինակ Դիանա Համբարձումյանը, գրականագետ, խմբագիր Հայկ Համբարձումյանը, «Անտարես» հրատարակչության խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը, գրականագետներ Սաթենիկ Ավետիսյանը, Հասմիկ Հակոբյանը, գրաքննադատներ, ուսանողներ եւ ընթերցողներ: Շնորհանդեսի ընթացքում ներկաները հատվածներ ընթերցեցին վեպից, հայտնեցին իրենց կարծիքները:



«Դիանա Համբարձումյանի յուրաքանչյուր գիրք ընթերցողներին եւ քննադատներին հնարավորություն է տալիս հետեւելու արձակի զարգացման միտումներին, տեսնելու, թե ինչ է կատարվում, երբ հեղինակը եվրոպական անտիկ վեպի ժանրային ձեռքբերումները միացնում, համադրում է տեղային բովանդակության հետ, ինչը ոչ այնքան շատ հեղինակների է հաջողվում. գրել այնպիսի վեպ, որը հետաքրքիր կլինի Եվրոպայում, կհամապատասխանի եվրոպական ճաշակին, ժանրի մասին պատկերացումներին, բերել նաեւ հայկական բովանդակություն, ինչը հատկապես կարեւոր է մեզ համար»,- շնորհանդեսի սկզբում նշեց Հայկ Համբարձումյանը:



Նոր լույս ընծայված գրքի վերնագիրն առաջին անգամ լսողներին կամ ընթերցողներին անսովոր եւ անհասկանալի է թվում: «Փեակների տարաբախտություն». իսկ ովքե՞ր են «փեակները»: Փեակները հայտնի են գրականության մեջ՝ Հոմերոսի «Ոդիսական» պոեմից: Գրականագետները փաստում են, որ Դիանա Համբարձումյանի վեպի հիմքում մասամբ նաեւ հենց այդ առասպելն է: Վեպում  ներկայացված են երկու զուգահեռ իրականություններ՝ Շվեդիա եւ Հայաստան. երջանկության փնտրտուքներով արտասահմանում բնակություն հաստատած դժբախտ ընտանիք, որի կյանքի եւ ճակատագրի մանրամասները բացահայտվում են վեպի երիտասարդ հերոսուհու պատմությունների ընթացքում, որոնք սկսվել են փախուստից…



«Երբ սկսում էի պատրաստել վեպի էսքիզները, մտածում էի վեպն անվանել «Անհետացող օրեր», քանի որ կարծում էի, որ այդ դժբախտ, փշրվող կենսագրություն ունեցող կնոջ եւ իր ընտանիքի պատմությունը ներկայացնելիս պետք է լիներ այդ անհետացող օրերի պատմությունը»,- Eritasard.am-ին հայտնեց Դիանա Համբարձումյանը: 



Գրքի հեղինակը, երբ Շվեդիայում մասնակցել է Բալթյան երկրների գրողների եւ թարգմանիչների կենտրոնում  կազմակերպված միջազգային ծրագրին, ականատես է եղել «ավելի մեծ տարաբախտության, քան սոսկ հայաստանյան դժբախտություններն էին: Այնուհետեւ վեպի հեղինակը որոշել է,  որ զուգահեռներ պիտի անցկացվեն նաեւ հունական դիցաբանության հետ: Գրքի առանցքում հետեւյալ հարցն է. իր սիրելիին ու ընտանիքը փրկելով, տանելով երկրից դուրս, լքելով հայրենիքը՝ արդյոք հերոսուհին փրկվեց, փրկեց իր սերը, թե երկրի սիրո հետ կորցրեց նաեւ իր ընտանիքը՝ հայտնվելով կործանման եզրին, հասնելով մինչեւ հոգեբուժարան: 



Շնորհանդեսին ներկա ընթերցասերներն առանձնակի ուշադրությամբ ուսումնասիրում էին գրքի շապիկը: Մարիամ Կանայանը, ով զբաղվել է շապիկի ձեւավորմամբ, նշում է, որ նպատակ է ունեցել հնարավորինս արտահայտելու վեպի գաղափարը: Գրքի երկու կողմում պատկերված են երեխայի եւ մոր աչքերը, Երեւանի եւ Շվեդիայի քաղաքային պատկերները:



«Փեակները փրկեցին Ոդիսեւսին, բայց արդյոք իրենք կարողացան երջանիկ մնալ, թե կործանեցին իրենց, որովհետեւ Պոսեյդոնը վրեժ լուծեց նրանցից եւ դարձրեց ժայռ: Առավոտյան միանգամից արթնացա ու մտածեցի, որ գիրքը ոչ թե մի տարաբախտ կնոջ կյանքի պատմություն է՝ իր դժվարություններով, այլ վեպ, որ ընթերցողին ուրիշ, ավելի լայն տարածքներ կտանի, կբացահայտի Հայաստանը, աշխարհը, Շվեդիան եւ նրանց միջեւ տարուբերվող այդ դժբախտ ընտանիքի պատմությունը»,- նշում է հեղինակը: 



Վեպում ներկայացված են ինչպես արտագաղթի թեման, քաղաքական-սոցիալական անարդարությունները, այնպես էլ արված են հղումներ մեր արդի իրականության երեւույթներին: 

«Գրքում այլ պատմություններ եւս կան, բայց անձամբ ինձ համար կարեւորը երջանկության գինն է: Ի՞նչ պետք է վճարեն մարդիկ այդ երջանկությանը հասնելու համար, հատկապես որ այդ երջանկությունը ստեղծվել է ուրիշի դժբախտության հիման վրա»,- ասաց Հայկ Համբարձումյանը:



Հ.Գ.: Հավելենք, որ գիրքը «Զանգակ» հրատարակչության կողմից ներկայացվել է վերջերս կայացած Ֆրանկֆուրտի տոնավաճառում: Ծրագրվում է վեպը թարգմանել անգլերեն: