Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 23-10-2017
Մեկնարկել է «Երեւանի կանաչ լուսավորության շաբաթ»-ը
«Քաղաքային կանաչ լուսավորություն» ՄԱԶԾ-ԳԷՖ ծրագիրը ՀՀ բնապահպանության նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի հետ հոկտեմբերի 23-27-ը կազմակերպում է «Երեւանի կանաչ լուսավորության շաբաթ» խորագրով արշավ։

Արշավի նպատակն է բարձրացնել հանրության իրազեկությունն էներգախնայող եւ բնությանը քիչ վնաս հասցնող լուսավորության լուծումների վերաբերյալ:

Միջոցառումը համահունչ է ՄԱԿ-ի կայուն զարգացման 7-րդ (մատչելի եւ մաքուր էներգիա) եւ 13-րդ (գործողություն՝ ի նպաստ կլիմայի) նպատակներին: Շաբաթվա ընթացքում քաղաքացիները հնարավորություն կունենան մասնակցելու էներգախնայող LED տեխնոլոգիային առնչվող մի շարք կրթական եւ զվարճալի միջոցառումների:

«Երեւանի կանաչ լուսավորության շաբաթ» տեղեկատվական արշավի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսը կայացավ այսօր, որին մասնակցեցին ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը, ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիասինը եւ Երեւանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ի տնօրեն Վարդան Գաբրիելյանը։

ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը, տալով միջոցառման մեկնարկը, տեղեկացրեց, որ կազմակերպված արշավի նպատակն է լուսավորության ոլորտում խրախուսել էներգախնայող տեխնոլոգիաները:



ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանն էլ կարեւորեց ծրագիրը, որն ուղղված է շրջանառվող այն թյուր տեսակետի դեմ, ըստ որի՝ բնապահպանական եւ տնտեսական ծրագրերը չեն կարող համահունչ լինել, որովհետեւ տարբեր նպատակներ ունեն. «Այս միջոցառումը ցույց է տալիս, որ բնապահպանական խնդիրների լուծման համար կատարվող գործողությունները կարող են նաեւ տնտեսապես արդյունավետ լինել, ինչպես, օրինակ, այս լամպերի փոխանակումը: Միջոցառման առաջնային նպատակը լինելով ջերմոցային գազերի արտանետումների նվազեցումը եւ երկրագնդի բնապահպանական վիճակի բարելավումը` միեւնույն ժամանակ քաղաքացիներին ընձեռում է տնտեսական օգուտներ ունենալու հնարավորություն»։

ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալն էլ ընդգծեց, որ ծրագրով նախատեսված էր փոխել մեկ փողոցի լուսավորությունը, բայց գումարների խնայողության արդյունքում փոխվել են 10 փողոցի լամպեր, եւ ծրագիրը շարունակվելու է մյուս փողոցների համար:

Միջոցառման ընթացքում քաղաքացիները ստացան նաեւ տեղեկատվություն լուսադիոդային (LED) լուսավորության եւ դրա առավելությունների մասին, խաղերի արդյունքում էլ մասնակիցներին հանձնվեցին նվերներ։

«Երեւանի կանաչ լուսավորության շաբաթվա» շրջանակում նախատեսվում են նաեւ տարաբնույթ միջոցառումներ՝ բարձրացնելու հանրության իրազեկությունն էներգախնայող եւ  բնությանը քիչ վնաս հասցնող լուսավորության լուծումների վերաբերյալ:



Կից ներկայացնում ենք միջոցառումների շարքը:

Հոկտեմբերի 23, 24, 25՝ Հյուսիսային պողոտա (շատրվանների հարեւանությամբ) եւ «Երիտասարդական» մետրո (կայարանի հարեւանությամբ)

Հոկտեմբերի 26, 27` Գարեգին Նժդեհի հրապարակ («Ամերիաբանկի» հարեւանությամբ) եւ Նոր Նորքի 2–րդ զանգված (շուկայի հարեւանությամբ)

Միջոցառումների ժամանակացույց

Հոկտեմբերի 23-27, երկուշաբթի-ուրբաթ
Լամպերի փոխանակման տաղավարներ քաղաքի տարբեր վայրերում
Հոկտեմբերի 24, երեքշաբթի
«Ոսկե լամպի որոնում» մրցույթ Երեւանի հինգ դպրոցի 25 աշակերտի հետ, եւ «Լամպի վերամշակման ու նկարչության խաղ-դասընթաց» տարրական դպրոցի 20 աշակերտի հետ
Հոկտեմբերի 27, ուրբաթ
Շաբաթվա ամփոփում՝ PechaKucha Night ոչ ֆորմալ ելույթների միջոցառում

Հ.Գ.: Լուսադիոդային (LED – Light Emitting Diode) լուսավորությունը Հայաստանում տեխնոլոգիական զարգացման հրաշալի օրինակ է: Երեւանի բնակիչներն ու հյուրերն արդեն իսկ վայելում են օդանավակայան տանող ճանապարհի, ինչպես նաեւ Մաշտոցի եւ Արշակունյաց պողոտաների, Ծիծեռնակաբերդի եւ Աթենքի փողոցների լուսադիոդային լուսավորությունը: LED լամպերը մինչեւ 50 անգամ ավելի երկար են ծառայում, ծախսում են 8 անգամ ավելի քիչ էներգիա եւ շատ ավելի ոճային տեսք ունեն: