Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ «Էդիթ Պրինտ» հրատարակչության
Տեղադրվել է 23-10-2017
Հայաստանում առաջին անգամ նշվեց Դպրոցական գրադարանների միջազգային օրը
Հայաստանում առաջին անգամ հոկտեմբերի 23-ին նշվեց Դպրոցական գրադարանների միջազգային օրը (International School Library Day):

Տոնը մեր երկրում նշվում է «Էդիթ Պրինտ» հրատարակչության նախաձեռնությամբ: Հրատարակչությունը Երեւանի Եղիշե Չարենցի անվան թիվ 67 հիմնական դպրոցի գրադարանին նվիրեց 160 անուն գիրք՝ այդպիսով հարստացնելով գրադարանի ֆոնդը եւ եւս մեկ անգամ վերաարժեւորելով դպրոցական գրադարանների կարեւորությունը: Հայ եւ համաշխարհային դասականների ստեղծագործություններ, մասնագիտական ու գեղարվեստական գրքեր. նվիրաբերած գրականության ցանկն ընդարձակ է: Դպրոցական գրադարանների միջազգային օրվա կապակցությամբ կրթական հաստատությունում կազմակերպվել էր տոնական հանդիսություն. ներկաներին դիմավորեց «Չարենցի գիրքը»: 

Դպրոցի տնօրեն Անահիտ Խեչումյանն ընդգծեց միջոցառման կարեւորությունը՝ նշելով. «Շնորհակալություն ենք հայտնում հրատարակչությանը, որ իրականացնում է նմանատիպ մեծամասշտաբ միջոցառում: Դպրոցի գրադարան մուտք գործող երեխաների թիվը հենց այսօրվանից կկրկնապատկվի, կեռապատկվի: Իսկ մեզ ի՞նչ է պետք: Պետք է, որ երեխան սիրի գիրքը, ընթերցանությունը: Այս գրքերն իրենց ուրույն տեղը կունենան մեր գրադարանում»: 

Նշենք, որ հրատարակչությունը նախատեսում է միջոցառումը դարձնել ամենամյա եւ ամեն տարի որեւէ դպրոցական գրադարանի գրքեր նվիրել: Նախատեսվում է նաեւ առաջիկայում գրքեր նվիրել մարզային դպրոցների գրադարաններին:

Տեղեկացնենք, որ 1999 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությամբ տարբեր երկրներում հոկտեմբերի 4-րդ երկուշաբթին նշվում է որպես Դպրոցական գրադարանների միջազգային օր (International School Library Day): Տոնը մեծ ժողովրդականություն է վայելում մի շարք երկրներում, անգամ վերածվել է Դպրոցական գրադարանների միամսյակի: