Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 23-10-2017
Մեկնարկել է Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի կրթաթոշակային ծրագիրը
Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից առաջարկվող կրթաթոշակային ծրագրի մեկնարկը տրվել է այսօր։

Լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը եւ հիմնադրամի տնօրեն Արմեն Օրուջյանը պատասխանեցին լրագրողների հարցերին։

«Մեր հետեւողական աշխատանքի շնորհիվ այսօր հասել ենք մի աստիճանի, երբ հնարավորություն կա Հայաստանում ստեղծել շատ բարձր գիտակրթական որակ: Օրերս տեղի ունեցած FAST-ի աշխատաժողովում, որն աննախադեպ էր իր մասնակիցների կազմով, որակով եւ հետապնդած խնդիրների թեմատիկայով, արծարծվել են այսօր աշխարհում քննարկվող գիտակրթական մտքի ամենաառաջավոր գաղափարները»,- նշեց նախարարը։ 

Լ. Մկրտչյանը վստահ է՝ աշխարհի լավագույն համալսարաններում եւ գիտական կենտրոններում աշխատող մեր հազարավոր հայրենակիցները կկարողանան հիմնադրամի միջոցով իրենց լուրջ ներդրումը բերել Հայաստան: 

«Մենք այս քայլով ցանկանում ենք, որ երիտասարդները կենտրոնանան գիտական հետազոտությունների վրա եւ ստիպված չլինեն աշխատանք փնտրել Հայաստանից դուրս»,- ասաց Արմեն Օրուջյանը՝ ընդգծելով, որ կրթաթոշակի ծրագիրը ֆիզիկայի, մաթեմատիկայի, կենսաբանության, քիմիայի եւ ճարտարագիտության ոլորտներում սովորող լավագույն 10%-ի համար է լինելու:

«Խորապես հավատացած ենք, որ Հայաստանը՝ որպես պետություն, մենք՝ որպես ազգ, կկարողանանք հաջողության հասնել ու մրցել համաշխարհային մասշտաբով միայն այն ժամանակ, երբ մեր քաղաքացիների 100 տոկոսին կընձեռվի գիտությամբ զբաղվելու հնարավորություն»,- ասաց Արմեն Օրուջյանը։

Հավելենք, որ Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից առաջարկվող կրթաթոշակային ծրագրի նպատակն է գիտությամբ զբաղվող հայ ուսանողներին ապահովել անհրաժեշտ հենքով` կրթաթոշակներ  տրամադրել նրանց, ինչպես նաեւ ստեղծել ուսանելու համար նպաստավոր պայմաններ։