Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 23-10-2017
Երեւանում անցկացվեց թեյի եւ սուրճի փառատոնը
Ինչպիսի՞ թեյ եք ցանկանում խմել, սուրճը քա՞ղցր, թե՞ դառը. հոկտեմբերի 20-ին այս հարցերն էին առավել շատ հնչում Կարապի լճի հարակից տարածքում, որտեղ անցկացվում էր թեյի եւ սուրճի փառատոնը։

Փառատոնն անցկացվում է հոկտեմբերի 20-21-ը: Միջոցառման շնորհիվ բազմաթիվ քաղաքացիներ եւ զբոսաշրջիկներ ծանոթացան Հայաստանում ներկայացված հայտնի ընկերությունների արտադրանքին, ինչպես նաեւ հայկական խոտաբույսերով թեյերին։ Եթե շատերի համար միջոցառումը պարզապես հետաքրքիր էր, ապա անուշաբույր եւ թարմացնող թեյերի սիրահարների համար օրն իսկական տոն էր:

Օրվա ընթացքում սուրճի, թեյի ու համապատասխան պարագաների ցուցահանդես-վաճառքը մեծ հետաքրքրություն էր առաջացրել, ուստի շատերը փառատոնից իրենց հետ տանում էին ոչ միայն տպավորությունները, այլեւ թեյի եւ սուրճի նոր բաժակներ:

Փառատոնին ներկայացված էր նաեւ սուրճի, թեյի ու տեղական դեղաբույսային թեյերի բազմազան տեսականի: Ընդ որում՝ փառատոնի ուշադրության կենտրոնում, ինչպես միշտ, հայկական դեղաբույսային եւ լեռնային թեյերն էին:

Հատուկ տեղադրված տաղավարներում հյուրերին հնարավորություն տրվեց մասնակցելու մի շարք ժողովուրդների թեյախմության արարողություններին եւ ծանոթանալու թեյ պատրաստելու ու ըմպելու նրանց ազգային սովորություններին: 

Փառատոնն անցկացվում էր առաջին անգամ, սակայն դրա  նկատմամբ առկա մեծ հետաքրքրությունը վկայեց, որ այն ամենամյա դառնալու միտում ունի: 

Փառատոնը կենդանի երաժշտության ուղեկցությամբ շարունակվեց մինչ ուշ գիշեր: