Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 23-10-2017
Կոռուպցիան մահացու է. բացվել է «(Հակա)Կոռուպցիայի արվեստը» ցուցահանդեսը
ՀԲԸՄ ցուցահանդեսային սրահում հոկտեմբերի 20-ին տեղի ունեցավ «(Հակա)Կոռուպցիայի արվեստը» պոստերային արվեստի ցուցահանդեսի բացման արարողությունը: Ցուցահանդեսին մասնակցում էին նաեւ ԵՄ եւ ԱՄՆ դեսպանները:

«(Հակա)Կոռուպցիայի արվեստը» մեկ տարի տեւողությամբ ծրագիր է, որը Հայաստանում Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվում է «Իմփաքթ Հաբ Երեւանի» կողմից։ Ծրագրի նպատակն է Հայաստանում կոռուպցիայի հարցի գեղարվեստական եւ մշակութային մեկնաբանության միջոցով իրազեկել, կրթել եւ Հայաստանում եւ դրա սահմաններից դուրս հասարակության վրա ստեղծագործական լույս հաղորդել կոռուպցիայի բարդ հետեւանքների մասին։ 

Պոստերային արվեստի մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել Հայաստանի եւ արտերկրի 75 արվեստագետներ, որոնցից ընտրվել են 35-ը:

«Կոռուպցիան գենետիկ չէ», «Կոոռուպցիան մահացու է». այսպիսի պոստերների միջոցով երիտասարդ արվեստագետները ներկայացել էին ցուցահանդեսին՝ վստահ լինելով, որ դա խնդրի բարձրաձայնման լավագույն եղանակներից մեկն է:

«Նայելով ներկայացված աշխատանքները՝ ե՛ւ ապշում ես, ե՛ւ տպավորվում ծրագրի հաջողությամբ: Մենք շարունակելու ենք Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի գործունեությունը: Կոռուպցիայի դեմ պայքարի հաջողության համար շատ իրողություններ են կարեւոր, թերեւս դրանցից առաջինն օրենքն է»,- միջոցառման ընթացքում ասաց ԵՄ պատվիրակության դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Սառա Անջարգոլյանը «(Հակա)Կոռուպցիայի արվեստը» ծրագրի ղեկավարն է: Նա ցավով է նշում, որ կոռուպցիան այսօր տարածում ունի նաեւ Հայաստանում, սակայն մեծ ուրախությամբ էլ ընդգծում է՝ երեւույթի դեմ պայքարողներն էլ շատ են, ոմանք նաեւ արվեստի միջոցով են անդրադառնում խնդրին. «Ծրագրի նպատակը մեկն է՝ բարձրաձայնելու հնարավորություն տալ արվեստագետներին, չէ՞ որ նրանց մոտեցումը նույնպես հետաքրքիր է եւ դիպուկ»:

Ծրագրի ղեկավարի խոսքով՝ ցուցահանդեսի նկատմամբ հետաքրքրությունն իրոք մեծ էր. պատճառը ե՛ւ ստեղծագործական մոտեցումն է, ե՛ւ խնդիրը, որին բախվել են շատ արվեստագետներ:

Երկար տարիներ են, ինչ Սարգիսը ստեղծագործում է այս ոլորտում, թեման հետաքրքիր է, իսկ խնդիրը՝ արդիական, ուստի մնում էր միայն գաղափարը: Այդ առումով Սարգիսը, սակայն, չունեցավ դժվարություններ. 1 աշխատանքի փոխարեն ներկայացրեց 4-ը:

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Սառա Անջարգոլյանը, դեռ պարզ չէ, թե հաջորդիվ ինչ խնդրի է անդրադառնալու ծրագիրը, սակայն այն, որ արվեստագետներն ինքնատիպ  ստեղծագործություններ ներկայացնելու հնարավորություն կունենան, դա միանշանակ է:

Պատկերասրահ՝ «(Հակա)Կոռուպցիայի արվեստը» ցուցահանդեսի բացումը