Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Գայանե Մելիքյանի
Տեղադրվել է 23-10-2017
Ճանաչողական այց Լոռու մարզում կառուցվող «ՍՄԱՐԹ» կենտրոն
Լոռու մարզի գեղատեսիլ մի անկյունում ներկայումս ընթանում են «ՍՄԱՐԹ» կենտրոնի շինարարական աշխատանքները:
Ճարտարապետը Փոլ Կալուստյանն է, ով յուրահատուկ ճարտարապետական լուծում է տվել կենտրոնին: «ՍՄԱՐԹ»-ի ճարտարապետական հորինվածքն ու գաղափարը փոխկապակցվել են՝ ամրապնդելու բնության հետ նախաստեղծ կապը, որը տեղաբնակների արժեքահամակարգի սկիզբն է:

Eritasard.am-ը նախկինում հպանցիկ անդրադարձել էր այդ կենտրոնին, երբ շինարարական աշխատանքները նոր էին սկսվել: «ՍՄԱՐԹ»-ի կառուցման գաղափարը, ինչպես հայտնի է, պատկանում է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամին (COAF):

«ՍՄԱՐԹ»-ը մշակվել է՝ գյուղի երիտասարդների կրթության միջոցով առաջընթաց ապահովելու համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը եւ միջավայրը: Լոռու մարզի անմիջական կարիքներն ու ռեսուրսները ծրագրի գործարկման հիմքում են: Տեխնոլոգիական վերապատրաստումն ու գործիքները ակնթարթային կամուրջ են դառնում աշխարհի եւ Հայաստանի մեկուսացված գյուղերի միջեւ: Հայաստանը մեծապես շահում է դրանից, քանի որ «ՍՄԱՐԹ»-ը ներդրվում է ամբողջ երկրում: «ՍՄԱՐԹ» համայնքների միջեւ հաղորդակցությունն ու կապը զարգացում են ապահովում գիտելիքի փոխանակման եւ համագործակցության միջոցով: Նրա ներդրումը խթանում է տնտեսության զարգացումն ու բարելավում բնակչության կենսապայմանները:
 
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի «ՍՄԱՐԹ» նախաձեռնության ղեկավար Շահանե Հալաջյանը լրագրողներին ներկայացրեց շինարարական աշխատանքների փուլերը, կատարված աշխատանքները եւ իհարկե կենտրոնի գործառույթները:

Նրա խոսքով՝ «ՍՄԱՐԹ»-ը գործիքներ ու գերժամանակակից միջավայր տրամադրելու նպատակ ունի՝ համայնքներին խրախուսելով գործի դնել իրենց ողջ ներուժը: Գյուղի մարտահրավերների լուծումը կարող է տրվել գաղափարական համագործակցության, համապատասխան վերապատրաստումների եւ նորարարական լուծումների միջոցով:

«ՍՄԱՐԹ» կենտրոնները դառնալու են գիտելիքի փոխանակման էպիկենտրոններ՝ խթանելու համար Հայաստանում խոստումնալից, սակայն դեռ աջակցության կարիք ունեցող համայնքների զարգացումը:  

««ՍՄԱՐԹ» կենտրոններն արտացոլելու են ինչպես նոր՝ տեղի կարիքներին հարմարեցված, այնպես էլ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի կողմից նախորդ տասնամյակում մեծ հաջողությամբ իրագործված ծրագրեր: Հիմնադրամն արդեն իսկ համագործակցում է սոցիալապես պատասխանատու գործընկերների հետ, որոնք կիսում են մեր գաղափարները: Դա դյուրին կդարձնի մեր ծրագրերի ընդլայնումը Հայաստանի բոլոր 10 մարզերում: Հիմնադրամն այս «ՍՄԱՐԹ» մոդելը կկրկնօրինակի Հայաստանի տարբեր մարզերում, եւ այն կարող է նաեւ ներդրվել ամբողջ աշխարհի գյուղական համայնքներում»,- նշեց նա: 

Շահանե Հալաջյանը փաստում է, որ վաղ տարիքից զարգացման ծրագրերի նպատակն է ձեւավորել ճանաչողական, լեզվական, հաղորդակցական հմտություններ: Կենտրոնի հայեցակարգի չորս հիմնասյուներն են տեխնոլոգիայի, արվեստի դասավանդման վրա հիմնված նորարարությունը եւ ստեղծագործականությունը, լեզուն եւ հաղորդակցությունը, ձեռներեցությունը եւ տեղական տնտեսական զարգացումը, ակտիվ քաղաքացիությունը եւ անձնային զարգացումը: 

«Պետք է փաստել, որ «ՍՄԱՐԹ» կենտրոնը մեծ հնարավորություն է ընձեռելու գյուղական համայնքներին, քանի որ այդպիսով հնարավոր կլինի ե՛ւ օգտակար լինել, ե՛ւ օգտվել առաջարկվող ծրագրերից: Երիտասարդներն ու պատանիները մուտք կգործեն դեպի լավագույն կրթական, տեխնոլոգիական աշխարհ, իսկ գյուղերում աշխատող մասնագետները կկարողանան օգտակար լինել սերնդին: Տեղեկատվական տեխնոլոգիաներն ու թվային մոտեցումները կենտրոնի համար առաջնահերթություն են, հետեւաբար բոլոր ծրագրային բաղկացուցիչների ուսուցման նյութերի հիմքում ընկած կլինեն թվային լուծումները»,- նշեց «ՍՄԱՐԹ» նախաձեռնության ղեկավարը:

Կենտրոնացված ծրագրերը կառուցվում են՝ ըստ 21-րդ դարին անհրաժեշտ հմտությունների ու գիտելիքի եւ տվյալ համայնքի կարիքների ու առկա ռեսուրսների: «ՍՄԱՐԹ» ծրագրերը սկզբնական շրջանում ներառելու են լեզվի դասընթացներ, առողջապահական ծրագրեր եւ աշակերտական խմբակներ:

Համայնքների կոնկրետ ոլորտների մասնագետները՝ բժիշկներ, ուսուցիչներ եւ այլք, վերապատրաստումների, սեմինարների եւ փորձագետների հետ քննարկումների շնորհիվ շարունակական կրթություն ստանալու հնարավորություն կունենան: 

Ծրագիրը
 
«ՍՄԱՐԹ» կենտրոնի եւ «ՍՄԱՐԹ» սենյակների բազմազան ուսումնական ծրագրերը կենտրոնանում են հետեւյալ ոլորտների վրա.

Տեխնոլոգիա
Ծրագրավորում
Ինժեներիա
Ռոբոտիկա

Արվեստ եւ երաժշտություն
Տեսողական արվեստ
Երաժշտություն
Ստեղծագործական արտահայտություն

Լեզվագիտություն եւ հաղորդակցություն
Հայերեն
Անգլերեն
Հաղորդակցության զարգացում
Շնորհանդեսների հմտություններ

Շրջակա միջավայր
Աղբի վերամշակում
Վերականգնվող էներգետիկա
Օրգանական գյուղատնտեսություն
Ռեսուրսների զարգացում

Առողջություն եւ կենսակերպ
Առողջ սնունդ
Հիվանդությունների կանխարգելում
Առողջապահական կրթություն
Ֆիթնես

Բիզնես եւ քաղաքացիական կրթություն
Կառավարում եւ կազմակերպչական գործ
Ֆինանսներ
Սոցիալական պատասխանատվություն
Կարիերայի զարգացում

Այսպիսով՝ շուտով Հայաստանում՝ Լոռու մարզում, կգործի կենտրոն, որը կարեւորում է ոչ ֆորմալ, այլընտրանքային կրթության համար համապարփակ միջավայր ստեղծող տարածքների առկայությունը: Կենտրոն, որի կրթական եւ ճարտարապետական լուծումների համադրումը կնպաստի բաց մտածելակերպ ունեցող, համամարդկային եւ ավանդական արժեքներ կրող սերնդի ձեւավորմանը: