Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 20-10-2017
Սերժ Թանկյանն իր հեղինակած սիմֆոնիայի եւ Հայաստանի գանձերի մասին
Նա ոչ միայն հիասքանչ ռոք երաժիշտ ու վոկալիստ է, այլեւ փայլուն կոմպոզիտոր: Նրա ձայնը, իսկ վերջին տարիներին էլ գրած ստեղծագործությունները հիացնում են իրենց ինքնատիպությամբ, բացառիկությամբ ու… հայկականությամբ:

Աշխարհահռչակ «System of a Down» ալտերնատիվ մետալ-ռոք խմբի ֆրոնթմեն Սերժ Թանկյանի՝ դասական ոճում գրած «Օրկա» սիմֆոնիան հոկտեմբերի 19-ին Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակում առաջին անգամ ներկայացվեց հայ հանդիսատեսի դատին: 

Ստեղծագործությունը «Արամ Խաչատրյան» համերգասրահում կատարեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Բացառիկ ու իր տեսակով յուրօրինակ այդ սիմֆոնիան պարզապես հիացրեց հայ ունկնդրին. Թանկյանն ավելի վաղ ասել էր, որ «Օրկան» գրել է մարդասիրության մասին խոսելու նպատակով՝ օրկային՝ խոյադելֆինին համեմատելով մարդկանց հետ: Ստեղծագործության չորս բաժինները ներկայացնում են խոյադելֆինի կյանքի ճանապարհը:

«Խոյադելֆինն ու դելֆինը մարդկության լավ ու վատ տարատեսակներն են: Ես փորձում եմ ասել, որ մենք ե՛ւ լավն ենք, ե՛ւ վատը: Մենք մեր ներսում ունենք բազում գույներ ու խավար: Եվ յուրաքանչյուրն ինքն է որոշում՝ գնալ դեպի լույսը եւ հավատալ կյանքին»,- իր ստեղծագործության մասին նշել էր Թանկյանը: Ի դեպ, արտիստն ամբողջ համերգի ընթացքում համերգասրահից ունկնդրում էր իր ստեղծագործությունը, իսկ վերջում անակնկալ հայտնվում է բեմում: Հանդիսատեսը նրան դիմավորում է բուռն ծափահարություններով: 

«Հիանալի է, որ իմ սիմֆոնիան Հայաստանում կատարվում է այս գեղեցիկ երիտասարդների կողմից: Ճիշտն ասած, շատ հիացա, տպավորվեցի եւ հուզվեցի: Շնորհակալություն եմ ուզում հայտնել Պետական երիտասարդական նվագախմբին եւ Սերգեյ Սմբատյանին: Նրանք հիանալի աշխատանք են կատարել: Ուղղակի հիասքանչ է: Այսօր մտածում էի, որ մեր երկրի գանձերը գետնի տակ չեն, այստեղ են. մեր մշակույթը մեր երաժիշտներն են, որոնց պետք է միշտ քաջալերենք»,- երեւանյան բեմից ասում է Թանկյանը: Հետո իր սոցիալական ցանցերի էջում կիսվում է տպավորություններով. պարզապես ուրախ է, հիացած, տպավորված: 

«Ձեռքբերում եմ համարում այն, որ համաշխարհային ճանաչում ունեցող ռոք երաժիշտն անդրադարձել է երաժշտության սիմֆոնիկ ժանրին: «Օրկա»-ն կյանքի դժվարությունների մասին է, բայց նրանում կա հաղթանակ: Չնայած Սերժ Թանկյանը ռոքի ջատագով է, բայց այս սիմֆոնիայում ռոքի տարրեր չկան. այն ունի հստակ գաղափարախոսություն, պարզ տեսլական եւ տենչ»,- նշում է Երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: 

Հոկտեմբերի 19-ին խաչատրյանական փառատոնի համերգի ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կատարեց նաեւ Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը։ Որպես մենակատար հանդես եկավ վիրտուոզ դաշնակահար Լեւոն Կարապետյանը։ Դաշնակահարը շատ ոգեւորված էր Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ առաջին համագործակցությունից, իսկ հանդիսատեսը՝ հիացած նրա կատարողական ունակություններով: 

Նշենք, որ Խաչատրյանի միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո։ Փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ «ՎիվաՍելլ-ՄՏՍ»)՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» եւ Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամների աջակցությամբ։

Պատկերասրահ՝ «Օրկա» սիմֆոնիան հնչեց Երևանում