Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 20-10-2017
Ճապոնական ֆիլմերը մեծ էկրանին. մեկնարկել է Ճապոնական ֆիլմերի 12-րդ փառատոնը
Հոկտեմբերի 19-ից մեկնարկեց Ճապոնական ֆիլմերի 12-րդ փառատոնը` նվիրված Ճապոնիայի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին:

Առաջին անգամ փառատոնը մեկնարկեց «Արար» երգչախմբի ելույթով, երգչախումբը հնչեցրեց Կոմիտասի ստեղծագործություններից, ինչպես նաեւ հնչեցին ճապոնական երաժշտարվեստի ստեղծագործություններ։

Լրագրողների հետ հանդիպման ընթացքում Հայաստանում Ճապոնիայի դեսպանն ընդգծեց, որ այդ փառատոնը հոյակապ գործիք է ճանաչելու ազգը, պետությունը. «Այս տարի փառատոնում գերիշխում են երաժշտության թեմատիկայով ֆիլմերը: Հուսով եմ՝ այդ ֆիլմերի միջոցով կկարողանաք հասկանալ ճապոնացի ժողովրդի որոշակի ասպեկտներ»:

«Փառատոնը նվիրված է հայ-ճապոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձին, բայց մշակութային կապերն ավելի երկար պատմություն ունեն։ Կարող եմ ասել, որ ճապոնական ֆիլմերի նկատմամբ հետաքրքրությունն ավելացել է, մարդիկ մշակույթի հանդեպ ավելի մեծ հետաքրքրություն են ցուցաբերում»,- նշեց Կարինե Փիլիպոսյանը։ 

Այսօր փառատոնի բացմանը ցուցադրվեց «Պատմություն սամուրայական խոհանոցի մասին. իրական սիրո պատմություն» ֆիլմը, որի ռեժիսորն է Յուցո Ասահարան։ 121 րոպե տեւողությամբ ֆիլմում ներկայացվում է Կագա կլանի խոհանոցի հիմքերը՝ որպես սամուրայական խոհանոց ազնվականության համար։ Ֆիլմում ցուցադրված  են կերակուրներ՝ պատրաստված ֆունակի ընտանիքի «Ռյորի Մուգոնշո» բաղադրատոմսերի հավաքածուի համաձայն, եւ վերարտադրում է այդ ժամանակվա սամուրայի ընտանեկան առօրյան։ Ֆիլմում ներկայացվում է նաեւ սիրո դրամատիկ պատմություն։

Հավելենք, որ այս տարի փառատոնի շրջանակում ֆիլմեր կցուցադրվեն նաեւ Էջմիածին եւ Գյումրի քաղաքներում, ինչպես նաեւ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում։

Կից ներկայացնում ենք փառատոնի ծրագիրը.

Հոկտեմբերի 20-ին՝ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան
14:30-ին՝ «Երգը քո շուրթերին» (132 րոպե), անգլերեն ենթագրերով 

Հոկտեմբերի 20-ին՝ «Մոսկվա» կինոթատրոն
18:30-20:39-ին՝ «Մաեստրո» (129 րոպե), անգլերեն ենթագրերով

Հոկտեմբերի 21-ին՝ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան
13:00-14:37՝   «Երաժշտախմբի ճագարն ու տղան» (97 րոպե), անգլերեն ենթագրերով

Հոկտեմբերի 23-ին՝ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան
14:30-16:23-ին՝ «Abraxas» (113 րոպե), անգլերեն ենթագրերով
 
ք. Էջմիածին
Հոկտեմբերի 20-ին՝ Էջմիածնի քաղաքապետարան
16:00-16:10-ին՝ Բացման արարողություն
16:10-18:11-ին՝ «Պատմություն սամուրայական խոհանոցի մասին. իրական սիրո պատմություն» (121 րոպե), ռուսերեն ենթագրերով
 
ք. Գյումրի 
Հոկտեմբերի 22-ին՝ «Հոկտեմբեր» կինոթատրոն
13:00-13:10-ին՝ Բացման արարողություն
13:10-14:58-ին՝ «Thermae Romae» (108 րոպե), ռուսերեն ենթագրերով
15:10-16:56-ին՝ «Մամեշիբա» (106 րոպե), ռուսերեն ենթագրերով