Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 19-10-2017
«Հայ մյուզիք բենդ»` սպասված երաժշտական խոսք
Հոկտեմբերի 18-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Հայ մյուզիք բենդ» վոկալ անսամբլի առաջին մենահամերգը:



 Թեեւ խմբի համար այն առաջինն էր, սակայն ներկաների համար էլ պարզ էր՝ երիտասարդ կատարողները նոր խոսք ունեն. լեփ-լեցուն սրահ, ուրախ հանդիսատես եւ անչափ ինքնատիպ կատարումներ...



2017 թվականի փետրվարին կազմավորված անսամբլի բոլոր կատարումները բացառապես ակապելլա են: Անսամբլը կազմված է յոթ անդամից՝ վեց երգչից եւ մեկ բիթբոքսերից:



Ընդամենը 7 ամիս առաջ 7 հոգուց բաղկացած բենդը  գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր, դիրիժոր Վահե Հայրապետյանի գլխավորությամբ քրտնաջան աշխատել է՝ պահպանելով հինը, նրա մեջ դնելով նորը, բայց միեւնույն ժամանակ պահպանելով իրենց բենդի ուրույն ձեռագիրը։ Վահե Հայրապետյանը դեռ տարիներ առաջ է այդպիսի մի բենդ ձեւավորելու ցանկություն ունեցել. «Այսօր իմ հուզմունքն առավել է, երբեք այսքան հուզված չեմ եղել»,- միջոցառման ընթացքում նշեց բենդի հիմնադիրը։



Հետաքրքիր էր նաեւ միջոցառման ձեւաչափը. առանց վարողի, սակայն հետաքրքիր մեկնաբանություններով ուղեկցված համերգային երեկոն մեծ ջերմությամբ ընդունվեց ներկաների կողմից։ Այդ մոտեցումը հանդիսատեսն այնքան էր հավանել, որ անգամ փոքրիկ համերգային երեկոյից հետո շարունակություն էր պահանջում՝ այս անգամ իմպրովիզի տարբերակով։



Համերգային երեկոյի ընթացքում բենդը հանրությանը ներկայացավ հայ եւ արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններով։



Միջոցառման ավարտին «Նարեկացի» կենտրոնի ղեկավար Նարեկ Հարությունյանն անսամբլի ղեկավարին հանձնեց  ավանդական դարձած նվերները։ Կենտրոնի ղեկավարը նույնպես չկարողացավ թաքցնել իր ուրախությունն ու դրական վերաբերմունքը՝ ունկնդրելով ուրույն ձեռագիր ունեցող բենդին։