Նյութը՝ Թամարա Գասպարյանի
Լուսանկարները՝
Տեղադրվել է 18-10-2017
Արմեն Ամիրյան. «Կարեւոր է երազներում տեսնել այն վերջնակետը, ուր պիտի հասնես»
«Հաջողության նախագիծ» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 18-ին ԵՊՀ-ում հյուրընկալվեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Նա ներկաներին պատմեց, թե ինչպես է կատարել մասնագիտության ընտրությունը, ինչ խոչընդոտներ ու հաջողություններ է ունեցել այդ տարիներին: 

Նախարարն ասաց, որ պատանեկան հասակում ուզում էր դերասան դառնալ, սակայն ընտանիքի անդամների առարկություններից հետո սկսեց պարապել մաթեմատիկա՝ Պոլիտեխնիկական ինստիտուտ ընդունվելու համար: 

«Դիմեցի Տնտեսագիտություն եւ մեքենաշինական արտադրության կազմակերպում բաժինը, որտեղ կար ընդամենը 25 տեղ, եւ ընդունվում էին բացառապես գերազանց գնահատական ստացողները: Ես 4 քննությունից էլ «4» ստացա, քանի որ մտնում էի քննության, մեզ տրվում էր 2 թե 3 ժամ, ես 15 րոպե հետո արդեն դրսում էի, որովհետեւ շտապում էի նկարահանման: Բարեբախտաբար, դուրս մնացի: Եվ երբ սեպտեմբերի 1-ին իմ հասակակիցները գնացին համալսարան, ես՝ որպես ռեժիսորի օգնական, աշխատանքի ընդունվեցի Հեռուստառադիոպետկոմում»,- ժպիտով հիշեց նախարարը:

Արմեն Ամիրյանը հաջորդ տարի ընդունվեց Երեւանի Խ. Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի բաժինը ու խորհրդային բանակում ծառայելուց հետո շարունակեց կարիերան: 1997-2015 թթ. աշխատեց Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի պաշտոնում: 2016 թվականից ղեկավարում է ՀՀ մշակույթի նախարարությունը:

Արմեն Ամիրյանը պատասխանեց ներկաների տարաբնույթ հարցերին՝ հաջողության հասնելու բանաձեւից մինչեւ եթերում առկա խնդիրներ, մշակութային օջախների պահպանությունից մինչեւ կոչումների շնորհում: 

Նախարարը նշեց իր մասնագիտական կայացմանն ու գործունեության առաջընթացին նպաստած հիմնական գործոնները, առաջին հերթին՝ անկեղծությունը. «Երբ ես աշխատանքի էի ընդունվում հաղորդավարական բաժին, բաժնի ղեկավար Նառա Շլեպչյանն ինձ մի շատ կարեւոր խորհուրդ տվեց. «Հեռուստատեսությունը ռենտգենային սարքի է նման, երբեք չկեղծես: Հեռուստադիտողն անպայման կզգա եւ երես կթեքի քեզնից»»:

Արմեն Ամիրյանն առանձնացրեց նաեւ նվիրվածությունը, հավատն ապագայի նկատմամբ եւ համբերատարությունը:

«Ամեն ինչ միանգամից չի տրվում, ամեն ինչ միանգամից չի կառուցվում, նույնիսկ մարդը միանգամից չի ծնվում, Աստված էլ աշխարհը միանգամից չարարեց: Կարեւոր է նաեւ երազներում տեսնել այն վերջնակետը, ուր դու պիտի հասնես. սա կարեւորներից կարեւորն է: Եթե մենք մեր մտքում, մեր երեւակայական աշխարհում կարողանում ենք կառուցել այն պատկերը, ինչին որ պիտի հասնենք, մենք անպայման հասնում ենք դրան, որովհետեւ եթե մտքում կառուցեցինք դա, մենք անցնում ենք այդ ճանապարհը: Ես պիտի խնդրեմ ձեզ չափից ավելի շատ երազել, երազել ոչ թե սենտիմենտալ, այլ գործնական լինելու համար, երազներն իրականություն դարձնելու համար»,- նշեց նախարարը: