Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 18-10-2017
«Ստանդարտները քաղաքները դարձնում են խելացի»
«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում հոկտեմբերի 18-ին անցկացվեց Ստանդարտների համաշխարհային օրվան նվիրված «Ստանդարտները քաղաքները դարձնում են խելացի» խորագիրը կրող միջոցառումը։



ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը միջոցառման մեկնարկին ընդգծեց, որ միջոցառումն առավելապես ուղղված է ստանդարտների դերի կարեւորմանը, որոնք որակի ենթակառուցվածքի հիմնասյունն են ու առեւտրի համաշխարհային լեզուն։ 



«2017 թվականի կարգախոսը նվիրված է խելացի քաղաքների ստեղծման համար մշակված ու մշակվող ստանդարտներին։ Դրանով իսկ համաշխարհային կոնտեքստում հստակ շեշտադրվում է խորացող ուրբանիզացիոն գործընթացների ու նորագույն թվային տեխնոլոգիաների միջոցով խելացի կառավարման համակարգերի ապահովման անհրաժեշտությունը։ Ակնհայտ է, որ խելացի քաղաքային ենթակառուցվածքների ստեղծումը խիստ կարեւոր է»,- ընդգծեց Սուրեն Կարայանը: 



Նրա խոսքով՝ նոր տեխնոլոգիաների կիրառումը, ենթակառուցվածքների բարելավումը պահանջում են ներդրումների ներգրավում եւ իրենց հերթին նպաստում այդ վայրերի տնտեսական զարգացմանը։ 



«Միաժամանակ բարելավված ենթակառուցվածքները Հայաստանը գրավիչ են դարձնում թե´ նոր բիզնես նախաձեռնությունների եւ թե´ տուրիզմի զարգացման համար։ Դրանք նաեւ նպաստում են կյանքի որակի բարձրացմանը։ Ստանդարտներն օգնում են քայլ առ քայլ, բայց եւ հետեւողականորեն հասնել դրված նպատակների իրագործմանը»,- հավելեց նախարարը: 



Միջոցառման ընթացքում պարգեւներ ու շնորհակալագրեր հանձնվեցին ստանդարտացման աշխատանքներում ու ստանդարտների կիրառման ոլորտում առավել ակտիվ դերակատարում ունեցած եւ նորարարական լուծումներով ու արտադրանքներով աչքի ընկած ընկերություններին:



Միջոցառումը կոչված էր խթանելու ստանդարտացման աշխատանքները եւ ստանդարտների կիրառումը, որոնք ուղղված են կայուն զարգացման նպատակների ապահովմանը։ Այն կազմակերպվել էր «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ կողմից:



Նշենք, որ յուրաքանչյուր տարի ԻՍՕ, ԻԷԿ եւ ԻՏՈՒ կազմակերպությունների անդամները տոնում են Ստանդարտների համաշխարհային օրը, ինչը նպատակաուղղված է արժանին մատուցել հազարավոր փորձագետների աշխատանքին, որոնք մշակում են ազգային, տարածաշրջանային եւ միջազգային ստանդարտները։ 2017 թվականի կարգախոսն է՝ «Ստանդարտները քաղաքները դարձնում են խելացի»։