Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 18-10-2017
Նոր գիրք «Թղթե քաղաքներ»-ում ապրող թղթե մարդկանց մասին
«…Թղթե տնակներում ապրում են թղթե մարդիկ, ովքեր այրում են իրենց ներկան ապագայի համար…»:



Բեսթսելերների հեղինակ Ջոն Գրինի նոր գիրքը հայերեն թարգմանությամբ հանձնվել է հայ ընթերցողի դատին: «Բյուրոկրատ» սրճարան-գրախանութում հոկտեմբերի 17-ին տեղի ունեցավ Գրինի «Թղթե քաղաքները» գրքի շնորհանդեսը: 



Գրքի հերոսը՝ Քվենթին Ջեյքոբսենը, ամբողջ կյանքում հեռվից սիրել է սքանչելի, արկածասեր Մարգո Ռոթ Սպիգլմենին: Ու երբ աղջիկը նինջայի հագուստով բացում է նրա պատուհանը ու հետո մագլցում նրա կյանք՝ հրավիրելով մի հետաքրքիր ու արտասովոր վրեժի արշավի, նա համաձայնում է:



Արթուն գիշերվան հաջորդում է նոր օրը, եւ Քյուն գնում է դպրոց ու հայտնաբերում, որ մշտապես հանելուկ Մարգոն հիմա արդեն առեղծված է դարձել: Բայց Քյուն շուտով պարզում է, որ նա հուշումներ է թողել… հենց իր՝ Քյուի համար: Առաջնորդվելով կցկտուր ուղենիշներով՝ որքան մոտենում, այնքան ավելի է հեռանում աղջկանից, ում կարծում էր, թե ճանաչում է: 



Գիրքն ընթերցողների սեղանին է հայտնվել «Էդիթ Պրինտ» հրատարակչության շնորհիվ: Հրատարակչությունը նախկինում տպագրել է նաեւ Գրինի «Աստղերն են մեղավոր» ստեղծագործությունը: 



Հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը Eritasard.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենք առաջիկայում հայերեն կթարգմանեն ու հայ ընթերցողի դատին կհանձնեն Ջոն Գրինի բոլոր գրքերը: Հաջորդը լույս կտեսնի գրողի՝ բոլորովին վերջերս հրատարակած ստեղծագործությունը: 



«Մենք կարծում ենք, որ Ջոն Գրինն այն գրողն է, որն արժանի է՝ թարգմանվի հայերեն»,- նշում է Շավարշ Կարապետյանը: Նրա խոսքով՝ «Աստղերն են մեղավոր» ստեղծագործության տարածումից ու վաճառքից այդքան էլ գոհ չեն. չնայած գիրքն աշխարհում բեսթսելեր է, բայց նույնը Հայաստանի առումով ասելը սխալ կլինի: Շավարշ Կարապետյանը դա կապում է նաեւ ֆիլմի՝ գրքի տպագրությունից ավելի շուտ տարածվելու հետ: «Այսօր շնորհանդեսին շատերը կային, որ «Թղթե քաղաքները» ֆիլմը նայել էին եւ իրենց դա բավարարում էր»,- հավելում է նա: 



Տեղեկացնենք, որ «Թղթե քաղաքները» գրքի թարգմանիչն է Ալինա Միրզոյանը, խմբագիրը՝ Լուսինե Համբարյանը: 



Նշենք, որ Ջոն Գրինի համանուն վեպի էկրանավորումը իրականացրել է «20th Century Fox»-ը։ Ֆիլմի ռեժիսորն է Ջեյք Շրեյերը։ Գլխավոր հերոսների դերերում են Նեթ Ուոլֆն ու Կարա Դելվինը: