
Միջազգային ստուգատեսին երգչուհի, կոմպոզիտոր Մայա Աֆրիկյանն արժանացել է առաջին կարգի դիպլոմի՝ «Ակադեմիական վոկալ» անվանակարգում, ինչպես նաեւ ստացել դափնեկրի երկրորդ կարգի դիպլոմ՝ «Հեղինակային երգ» անվանակարգում: Նշենք, որ ներկայացված երգերի տեքստերի հեղինակներն էին Սվետլանա Հովսեփյանը եւ Կորյուն Առաքելյանը:
Հայրենիք հաղթական դափնի է բերել նաեւ դաշնակահարուհի Լիլիանա Դարբինյանը: Նա «Գործիքային երաժշտություն» անվանակարգում որպես կոնցերտմայստեր ստացել է դափնեկրի երկրորդ կարգի դիպլոմ: Նշենք, որ դաշնակահարուհին ամբողջ մրցույթի ընթացքում նվագակցել է Մայա Աֆրիկյանին, իսկ երգչուհին իր հերթին հանդես է եկել Լիլիանա Դարբինյանի մրցութային կատարման ընթացքում:
Ի դեպ, մրցույթի Գրան պրին ստացել է երգիչ Հայկ Թոնգուրյանը: Վերջինս է Մայա Աֆրիկյանին տեղեկացրել մրցույթի մասին:
«Երբ ես նկատեցի, որ մրցույթում առկա է հեղինակային երգի անվանակարգ, շատ ոգեւորվեցի եւ որպես հեղինակային երգերի հեղինակ՝ որոշեցի տանել երգերս եւ այնտեղ ներկայացնել»,- նշում է Մայա Աֆրիկյանը:
Նրա տեղեկացմամբ՝ մրցույթ-փառատոնին մասնակցել են մի շարք երկրների արտիստներ: Ժյուրիի կազմում եղել են բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիրներ, պրոֆեսորներ, ոլորտի առաջատարներ:
«Ես քաղաքին նվիրված երգ էի գրել, կոչվում է «Ода Севастополю», եւ այդ երգն ընդգրկվել է գալա համերգին. ես այն կատարել եմ: Նշեմ, որ երգի խոսքերի հեղինակը Սվետլանա Հովսեփյանն է: Շատ մեծ արձագանք ստացավ, շատ ջերմ ընդունվեց: Կազմակերպիչներին եմ նվիրել նաեւ երգի նոտաները»,- հավելում է Մայա Աֆրիկյանը: Փառատոնի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ 2018 թ. մարտի 25-ին դափնեկիրները, այդ թվում՝ հայ արտիստները համերգով հանդես կգան Մոսկվայում: