Նյութը՝ ԵԱԴ աշխատանքային թիմից
Լուսանկարները՝ ԵԱԴ աշխատանքային թիմից
Տեղադրվել է 17-10-2017
Տեղեկագիրք, որ միավորում է երիտասարդական ակումբներին
Թարմացվել եւ տպագրվել է Հայաստանի երիտասարդական ակումբների տեղեկագիրքը։
Հայաստանի երիտասարդական ակումբների հերթական համաժողովի արդյունքում լույս տեսավ տեղեկագիրք, որը ներառում է հանրապետության երիտասարդական ակումբների տվյալների ու գործունեության մասին տեղեկատվություն։ Համաժողովը կազմակերպվել էր դեռեւս մայիսին՝ մեկ հարկի տակ հավաքելով հանրապետության բոլոր մարզերի, Ջավախքի եւ Արցախի երիտասարդական ակումբների ու կազմակերպությունների ներկայացուցիչներին: Երիտասարդական ակումբների 6-րդ համաժողովն իրականացվեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ:
 
«Երիտասարդական ակումբների համաժողովի կազմակերպմամբ մենք խնդիր էինք դրել.
  • հնարավորություն ընձեռել ներկայացնելու ՀՀ մարզերում, Արցախում եւ Ջավախքում գործող երիտասարդական ակումբների ու կենտրոնների գործունեությունը, ապահովել նրանց միջեւ փոխգործակցությունը, 
  • համատեղ ուժերով մշակել երիտասարդական ձեռնարկատիրական ծրագրեր, որոնք ԵԱԴ աջակցությամբ կարող են կյանքի կոչվել գյուղական բնակավայրերում»,- ասաց ԵԱԴ նախագահ Ատոմ Մխիթարյանը:
Ծրագիրն իրականացվեց երեք փուլով: Առաջին՝ նախապատրաստական փուլը տեւել էր 2 ամիս:
 
«Այդ ընթացքում ձեւավորվեց ծրագրի աշխատանքային խումբը, կատարվեցին պլանավորում եւ աշխատանքի բաժանում: Կապեր հաստատվեցին մարզային երիտասարդական կառույցների հետ: Մշակվեց տեղեկատվության հավաքման ձեւաչափ, որը տարածվեց երիտասարդական ակումբների ու կենտրոնների շրջանում: Ստացված տեղեկատվությունը, ըստ տարբեր մարզերի ու ակումբների գործունեության ուղղությունների, համակարգվեց ծրագրի աշխատանքային խմբի կողմից»,- հավելեց ԵԱԴ նախագահը:

Ամբողջ տեղեկատվությունը թարգմանվել է անգլերեն ու 2 լեզվով տեղադրվել Երիտասարդական ակումբների դաշնության www.fyca.net էլ. կայքում: Միաժամանակ բոլոր մարզային երիտասարդական ակումբներն ու կենտրոնները հրավիրվել էին մասնակցելու եռօրյա համաժողովին: 



Երկրորդ փուլի ընթացքում տարվա երիտասարդական մայրաքաղաք հռչակված Չարենցավանում կազմակերպվեց Երիտասարդական ակումբների 6-րդ համաժողովը: Համաժողովի ընթացքում մասնակից կառույցները ներկայացրեցին իրենց գործունեությունը, կառուցվածքը, իրականացրած ու նախատեսվող ծրագրերը, ղեկավարման, ֆինանսավորման ու անդամության սկզբունքները:

Համաժողովի մեկ օրը նվիրված էր գյուղական բնակավայրերում երիտասարդական ձեռնարկատիրության զարգացմանը: Հրավիրված մասնագետներն ու փորձագետները վարեցին թեմատիկ դասընթացներ, ներկայացրեցին իրենց կառույցների գործունեությունը: Միաժամանակ կազմակերպիչները մասնակիցներին հնարավորություն տվեցին «բաց տարածության» մեթոդաբանությամբ կազմակերպել քննարկումներ ու կլոր սեղաններ, բանավիճել հյուրերի ու հրավիրված փորձագետների հետ, մշակել համատեղ ծրագրեր կամ առաջարկել ու վարել սոցիալական ձեռնարկատիրությանը վերաբերող «վարպետության դասեր»: 

Համաժողովը եզրափակվեց համատեղ իրականացվելիք ծրագրային գաղափարների մշակմամբ` Չարենցավանի երիտասարդության մասնակցությամբ: Ներկայացվեցին ծրագիր գրելու կարգը, մանրամասներն ու առաջնային ուշադրության արժանի կետերը, նախարարության ընձեռած հնարավորությունները:

Ավելի ուշ կազմվեցին աշխատանքային ակտիվ խմբեր, որոնք համաժողովի ավարտից հետո սկսեցին աշխատել գյուղական երիտասարդական ձեռնարկատիրական ծրագրերի պատրաստման ուղղությամբ: Դրանց զգալի մասն արդեն ընթացքում են՝ նպաստելով ե՛ւ միջմարզային համատեղ գործունեությանը, ե՛ւ երիտասարդական ձեռնարկատիրության զարգացմանը:

Համաժողովն ամփոփվեց մայիսի 16-ին՝ Հայաստանի ուսանողների եւ երիտասարդների օրը. երիտասարդական ակումբների համաժողովի մասնակիցները ֆլեշմոբի միջոցով հրավիրեցին հասարակության ուշադրությունը՝ կոչ անելով լինել ակտիվ, բաց երիտասարդական աշխատանքի շնորհիվ ինքնադրսեւորվել եւ խրախուսել նախաձեռնողականությունը, ինչպես նաեւ մասնակից դառնալ որոշումների կայացման գործընթացին:

Ծրագրի արդյունքները մեկտեղվեցին առանձին տեղեկագրքում, որը յուրատեսակ համահավաք աղբյուր է՝ ծանոթանալու հայաստանյան երիտասարդական ակումբների գործունեությանը։

«Հանրային խնդիրների լուծման գործում գնահատելով երիտասարդության դերն ու նշանակությունը՝ ինքս ինձ փորձեցի տեսնել նաեւ երիտասարդական կառույցի ներսում։ ԵԱԴ-ին անդամագրվելն ու համաժողովին մասնակցելը հնարավորություն տվեցին պատկերացում կազմելու երիտասարդական ծրագրերի, երիտասարդական ակումբների անցած ուղու եւ հնարավոր համագործակցության մասին»,- նշում է ծրագրի մասնակից, վանաձորցի Սոխակ Մելքոնյանը։ Լոռու մարզի երիտասարդական կառույցի ներկայացուցչի խոսքով՝ ծրագիրը նպաստելու է մարզերի երիտասարդության ակտիվացմանն ու երիտասարդական ակումբների զարգացմանն ու տարածմանը։

Երիտասարդական ակումբների դաշնությունը (FYCA) հիմնադրման օրվանից կազմակերպում է ուսուցողական, ճանաչողական, մշակութային բազմաթիվ տեղական եւ միջազգային ծրագրեր՝ նպատակ հետապնդելով Հայաստանում խթանել երիտասարդական ակումբային շարժումը, նպաստել մարզային եւ գյուղական երիտասարդական ակումբների ու կենտրոնների համախմբմանն ու զարգացմանը: