Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 17-10-2017
Սերժ Թանկյան. «Երիտասարդական նվագախումբը շատ լավ է նվագում»
Աշխարհահռչակ ռոք երգիչ եւ կոմպոզիտոր Սերժ Թանկյանը հոկտեմբերի 17-ին մասնակցեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի փորձին: Նվագախումբը Երեւանի պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայում փորձում էր Թանկյանի հեղինակած «Օրկա» սիմֆոնիան։

Թանկյանն ուշադրությամբ լսեց նվագախմբի կատարումները, որոշակի շտկումներ արեց եւ շատ գոհ մնաց: «Շատ լավ նվագում է Երիտասարդական նվագախումբը, շատ ոգեւորվեցի, շատ ճիշտ են նվագում: Մի քանի ճշտումներ արեցի փորձին, քանի որ մշտապես կարիքը կա, որ կոմպոզիտորը շտկումներ անի եւ վերջ»,- փորձի ավարտին լրագրողների հետ զրույցում նշեց աշխարհահռչակ արտիստը: 

Թանկյանը հավելեց նաեւ, որ շատ ոգեւորված է Խաչատրյանի միջազգային փառատոնի մաս կազմելու ու նվագախումբը տեսնելու կապակցությամբ: 

Նշենք, որ հոկտեմբերի 19-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, կներկայացնի ամերիկահայ ռոք երաժիշտ եւ կոմպոզիտոր Սերժ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիան։ Ստեղծագործությունը Հայաստանում ներկայացվելու է առաջին անգամ։



Հայաստանյան հանդիսատեսը կծանոթանա ծանր ռոք, ալտերնատիվ մետալ, արտ ռոք, ֆոլկ ռոք եւ այլ ժանրերում հանդես եկող Սերժ Թանկյանի սիմֆոնիկ գործին։ Ինքը` Թանկյանը, ավելի վաղ հրապարակված տեսաուղերձում նշում է, թե իր համար պատիվ է, որ Խաչատրյանի միջազգային փառատոնի շրջանակում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կատարելու է իր հեղինակած սիմֆոնիան:

Տեղեկացնենք, որ «Orca Symphony No 1»-ն ձայնագրվել է 2012 թվականի հոկտեմբերին Ավստրիայի Լինց քաղաքում: Պաշտոնապես ալբոմի տեսքով թողարկվել է 2013 թ. հունիսի 25-ին:

Երաժիշտն ավելի վաղ ասել էր, որ «Օրկան» գրել է մարդասիրության մասին խոսելու նպատակով՝ օրկային՝ խոյադելֆինին համեմատելով մարդկանց հետ: Ստեղծագործության չորս բաժինները ներկայացնում են խոյադելֆինի կյանքի ճանապարհը:

Հոկտեմբերի 19-ին՝ խաչատրյանական փառատոնի համերգի ընթացքում, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կկատարի նաեւ Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը։ Որպես մենակատար հանդես կգա վիրտուոզ դաշնակահար Լեւոն Կարապետյանը։

Պատկերասրահ՝ Սերժ Թանկյանի հեղինակած «Օրկա» սիմֆոնիայի փորձը