Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 15-10-2017
«Գրքի գիշեր-2017». գրքի հերթեր ու ընթերցանության նկատմամբ հետաքրքրություն
Տարածված այն համոզմունքները, թե երիտասարդ սերունդը գիրք չի ընթերցում, կամ էլ առհասարակ ընթերցելն այլեւս նորաձեւ չէ, հօդս ցնդեցին: Հոկտեմբերի 14-ին «Բուկինիստ» ընկերությունը «Էրեբունի-Երեւան 2799» տոնակատարության շրջանակում ներկայացրեց «Գրքի գիշեր 2017» տոնահանդեսը:

«Բուկինիստ» գրախանութում, ինչպես նաեւ հարակից Մ. Մանուշյանի անվ. պուրակում գրքերի իսկական հրավառություն էր: Մինչեւ կեսգիշեր գործեց 30 տոկոս զեղչ ամբողջ տեսականու համար, կազմակերպվեցին գրքախաղ, թեյախմություն, հանդիպում գրողների հետ, մրցույթներ եւ այլն: 

Տիրում էր տոնական տրամադրություն. թե՛ գրախանութը, թե՛ պուրակը մարդաշատ էին, գոյացել էին գրքի հերթեր: Հետաքրքրությունը միջոցառման նկատմամբ իսկապես մեծ էր: 

Երեկոյի ընթացքում տեղի ունեցավ «Dorling Kindersley» հրատարակչության  «Գիտելիքների հանրագիտարան» մատենաշարի «Կենդանիներ» հայերեն գրքի շնորհանդեսը: 

«Շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ տոնի առթիվ: Մենք մի քանի օր առաջ ստացանք մեր մատենաշարի վերջին գիրքը: Չորս գրքից բաղկացած մատենաշար ենք հրատարակել անգլիացիների հանրահայտ «Dorling Kindersley» հրատարակչության հետ: Հայ ընթերցողի սեղանին դրվել է հանրագիտարանների հավաքածու, որը լավագույնն է Եվրոպայում»,- միջոցառման ընթացքում ասաց «Բուկինիստ» ընկերության տնօրեն Խաչիկ Վարդանյանը: 

Նշենք, որ «Գրքի գիշեր 2017» տոնահանդեսի մասնակիցները հնարավորություն ունեին շփվելու նաեւ հայ ժամանակակից հեղինակների հետ: 

«Գիրք չկարդալը շատ վատ բան է: Ես, իհարկե, ինձ իրավունք չեմ վերապահում ներկաներին խորհուրդներ տալ: Ամեն դեպքում այսօրվա բազմությունը տեսնելով՝ հասկանում եմ, որ մենք շատ թյուր կարծիք ունեինք մեր հասարակության մասին. նրանք իսկապես սիրում եւ մեծարում են գիրքը: Խոնարհվում եմ նրանց մեծ սիրո առաջ»,- նշեց գրող Հովիկ Չարխչյանը: 

Հավելենք, որ Մ. Մանուշյանի անվ. պուրակում անցկացվեց նաեւ հեղինակային երգերի համերգ, ցուցադրվեցին տիկնիկային ներկայացում ու ֆիլմ: 

Պատկերասրահ՝ Էրեբունի - Երեւան - 2799