Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 14-10-2017
Ռոք, ջազ, դասական երաժշտական տոնական տրամադրություն՝ մինչեւ ուշ երեկո
Երեւանի ծննդյան 2799-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակում «Լսի՛ր Երեւանը» խորագրի ներքո մայրաքաղաքում մի շարք համերգային միջոցառումներ են կազմակերպվել: Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հարակից պուրակում արդեն ավանդական դարձած ուսանողական բեմահարթակն էր: Երեւանյան սիրված երգերի կատարումները մեկտեղել էին բազմաթիվ երիտասարդների:
«Երեւանիս ծնունդն ինձ համար յուրահատուկ տոն է: Սիրտս ուրախությամբ է լցվում, երբ տեսնում եմ՝ քաղաքս շնչում է պայծառ գույներով եւ աշխուժությամբ»,- ասում է Լիլիթ Հարությունյանը` միաժամանակ ակտիվ ձայնակցելով բեմից ելույթ ունեցող երիտասարդ երգիչներին:

Նշենք, որ ավելի ուշ նույն բեմահարթակից երեւանցիներին եւ մայրաքաղաքի հյուրերին Երեւանի ծննդյան տարեդարձի առթիվ կշնորհավորեն դասական համերգային ծրագրով:

Տոնական լույսով էր ողողված նաեւ Հյուսիսային պողոտան:


Մայրաքաղաքի բնակիչներին ու հյուրերին իրենց շուրջն էին համախմբել ազգային երգն ու պարը. երաժշտական ու արվեստի դպրոցների, ինչպես նաեւ մշակութային կրթօջախների սաներն ու պարային համույթները ներկայացնում էին ժողովրդական պարարվեստը:

«Ես սիրահարվեցի Երեւանին, ինձ համար մշակութային շատ բացահայտումներ կատարեցի»,- ասում է Իսպանիայից ժամանած Լաուրան, ով առաջին անգամ է Երեւանում: 

Մանուկների մասնակցությամբ «Ես ու Երեւանս» խորագրով տոնական համերգ էր կազմակերպվել նաեւ Մանկական զբոսայգում եւ Խաչքարերի պուրակում: Ելույթներով հանդես եկան մայրաքաղաքի երաժշտական, մշակույթի եւ ստեղծագործական կենտրոնների սաները, ինչպես նաեւ «Ունիսոն» ՀԿ-ի «Փարոս» կամերային երգչախումբն ու Հնաբնակ երեւանցիների ասոցիացիայի «Աշնանային ձայներ» երգչախումբը:

Հավելենք, որ համերգային ծրագրերն այսքանով չեն սահմանափակվում: Մայրաքաղաքը մինչեւ ուշ երեկո կցնծա  ջազ, ռոք, դասական համերգների շղթայով:

Պատկերասրահ՝ Էրեբունի - Երեւան - 2799