Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 14-10-2017
«Էրեբունի-Երեւան-2799»՝ «Զգա՛ Երեւանը»
«Երեւան՝ սիրո քաղաք». հենց այս խորագրի ներքո հոկտեմբերի 14-ին մայրաքաղաքում տոնական տրամադրություն էր տիրում: «Զգա՛ Երեւանը» կարգախոսի ներքո մայրաքաղաքում ներկայացվեցին մի շարք հետաքրքիր միջոցառումներ, որոնց մասնակցել է նաեւ Eritasard.am-ը:

Այս տարի առաջին անգամ Կասկադ համալիրի տարածքում կազմակերպվեց «Խելացի Երեւան» նորարարական ցուցահանդեսը, որի շրջանակում Երեւանի ու Հայաստանի մարզերի տաղանդավոր մի շարք երեխաներ հնարավորություն էին ստացել ներկայացնելու իրենց մտահղացումները: 

Ցուցահանդեսում ներկայացվեցին «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների կողմից իրագործվող կրթական ծրագրի շրջանակում ռոբոտաշինության զարգացման եւ աջակցման ծրագրի արդյունքում երեխաների կողմից պատրաստված ու ծրագրավորված ռոբոտները: Ցուցահանդեսում ներկայացվեցին նաեւ եռաչափ մոդելավորված եւ տպագրված բազմաթիվ իրեր, շաղափային հաստոցով փորագրված նմուշներ, երեխաների կողմից ստեղծված համակարգչային խաղեր, վիրտուալ ակնոցներ եւ ինովացիոն այլ լուծումներ: 

««Արմաթ» ինժեներական լաբորատորիաներում սովորում են 10 տարեկանից մեծ երեխաները: Արտադասարանային դպրոցներ են, դասերից հետո երեխաներն անվճար հիմունքներով կարող են հաճախել, սովորել եռաչափ մոդելավորում, ծրագրավորում, խաղերի պատրաստում եւ այլն: Այսօր ներկայացրել ենք տարբեր խմբակների երեխաների աշխատանքները: Ունենք եռաչափ մոդելավորման սարք, փորագրության սարքեր, ռոբոտներ: Հետաքրքրությունը շատ մեծ է, հատկապես՝ զբոսաշրջիկների կողմից, զարմանում են, որ երեխաները կարողանում են նման բաներ պատրաստել»,- մեզ հետ զրույցում նշեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կամավոր Էլեն Միքայելյանը:  

«Զգա՛ Երեւանը» կարգախոսի ներքո կազմակերպվեցին նաեւ մարզական միջոցառումներ. հեծանվավազքի ու վազքարշավի սիրահարներն ու պրոֆեսիոնալներն իրենց մրցելույթները սկսել են Արգիշտիի փողոցից, ապա Իտալիայի փողոցով հասել Հանրապետության հրապարակ, այնուհետեւ Նալբանդյան եւ Սայաթ-Նովա փողոցներով վերջնագիծը հատել Մատենադարանի հարակից տարածքում: Մարզական միջոցառումները եզրափակվել են Երեւանի շախմատի դպրոցների սաների առաջնությամբ. հաղթողները պարգեւատրվել են գավաթներով: 

«Զգա՛ Երեւանը» խորագրով ծրագրի շրջանակում «Մարաշլեան ֆոտո ատելիեն» Հյուսիսային պողոտայում եւ Կարապի լճի հարակից տարածքում տեղադրել էր լուսանկարչական տաղավարներ, որոնց շնորհիվ անցորդները լուսանկարվում ու Երեւանը բացահայտում էին երեք տարբեր ժամանակաշրջաններում:

«Երեւանի ծննդյան օրվա կապակցությամբ ներկայացրել ենք երեք տաղավար: Մեկում կազմակերպել ենք լուսանկարահանում ռետրո հագուստով՝ մոդելի հետ, մյուսում՝ ազատ ոճի լուսանկարներ, իսկ երրորդ տաղավարում մեր քաղաքացիները հագնում են տարազներ եւ լուսանկարվում: Հետաքրքրությունը բավականին մեծ է, շատերն են նկարվում»,-մեզ հետ զրույցում փաստեց «Մարաշլեան ֆոտո ատելիեի» ադմինիստրատոր Լուիզա Բադոյանը: 

Նշենք, որ լուսանկարիչների կողմից արված լուսանկարներն անվճար տրամադրվել են այցելուներին:

Հիշեցնենք, որ Էրեբունի-Երեւան տոնակատարությունը Երեւան քաղաքի «ծննդյան օրն» է կամ Երեւանի տոնը, որը նշվում է ամեն տարի: Ավանդաբար մայրաքաղաքում անց են կացվում բազմաթիվ մշակութային միջոցառումներ՝ ցուցահանդեսներ, համերգներ, թատերականացված ներկայացումներ եւ այլն: Երեւանի բնակիչներն ու քաղաքի հյուրերը հնարավորություն ունեն լավագույնս ծանոթանալու մայրաքաղաք Երեւանի հետ: 

«Էրեբունի-Երեւան»-ի առաջին պաշտոնական տոնակատարությունը նշվել է 1968 թ.-ին, երբ Երեւանը դարձավ 2750 տարեկան:

Պատկերասրահ՝ Էրեբունի - Երեւան - 2799