Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 14-10-2017
Սիրո քաղաք Երեւանն այս տարի ՏԵՍԱՆՔ առավել վառ գույներով
Էրեբունի-Երեւանը 2799 տարեկան է: Տարիներ շարունակ Երեւանի ծննդյան օրվան նվիրված միջոցառումներից յուրաքանչյուրը մի բուռ սեր եւ զգացմունքների մեծ տարափ է նվիրել երեւանցիներին: «Երեւան՝ սիրո քաղաք» խորագիրը կրող տոնակատարություններն այս տարի եւս երեւանցիներին եւ քաղաքի հյուրերին Երեւանը տեսնելու, զգալու, լսելու եւ սիրելու հնարավորություն տվեցին:

Լուսանկարչական տաղավարներ, կավճանկարային ցուցահանդեսներ, ժողովրդական արվեստի, տարազների, խոհանոցի տոնահանդես եւ իհարկե տոնական հրավառություն… 

Վաղ առավոտից Երեւանի համայնքներում տիրում էր վառ ու ջերմ մթնոլորտ: Ամենուր գունազարդ փուչիկներ էին, ՀՀ եւ Երեւանի դրոշներ եւ ջերմ ժպիտներ: 

Սարյան պուրակում այսօր «Էրեբունի-Երեւան 2799» տոնակատարության շրջանակում բացվեց «ԵրեւանԱՐՏ»-ը՝ «Մեկ կտավ Երեւանիս» խորագրով գեղանկարչական միջոցառումը: Ողջ օրվա ընթացքում ստեղծագործ երիտասարդները նկարեցին մեկ կտավ՝ նվիրված Երեւանի ծննդյան օրվան` իրենց պատկերացումները մեկտեղելով մեկ կտավի վրա: 

Երեւանցիներն Ազատության հրապարակում աննախադեպ «Մարզական Երեւան» ցուցադրական ելույթների ականատեսը եղան: 

Հանրապետության հրապարակում մեկնարկեց նաեւ Օդագնացության միջազգային փառատոնը: Երեւանյան երկինքը գունավորվեց օդապարիկների վառ գույներով՝ հիշեցնելով հեքիաթ: 

Կարապի լճի հարակից տարածքում էլ ցուցադրվեցին «Տե՛ս Երեւանը» տեսահոլովակները: 

Տոնական օրը հանգուցալուծվեց շքեղ հրավառությամբ: 

Հիրավի, մայրաքաղաք Երեւանը միշտ անսովոր ձգողականություն ունի. ուզում ես զգալ ու շնչել Երեւանի բույրը, ուզում ես լսել երեւանյան սովորական դարձած աղմկոտ փողոցների ձայնը, ուզում ես տեսնել երեւանյան շենքերը, շինությունները, արվեստի գործերը, հեռվում վեր խոյացած Արարատը եւ իհարկե ուզում ես սիրահարվել, սիրել, սիրելի լինել սիրո քաղաք Երեւանում: 

Պատկերասրահ՝ Էրեբունի - Երեւան - 2799