Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 14-10-2017
Մարզումները շարունակվում են․․․
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ այսօր կայացավ հերթական ամենշաբաթյա անվճար մարզումների եւս մեկ միջոցառում։

Այդ մարզումների նպատակն է մասսայական սպորտային եւ առողջ ապրելակերպի միջոցառումների միջոցով երիտասարդների եւ ուսանողների լայն խմբերին ծանոթացնել երեւանյան եւ հանրապետական առողջ ապրելակերպի գործող ակումբներին, նրանց ընդգրկել սիրողական սպորտային միջոցառումներում:

Այսօր մարզվելու էին եկել նաեւ «Միսս Հայաստան» Լիլի Սարգսյանը եւ օլիմպիական խաղերի, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը։

Ինչպես լրագրողների հետ զրույցում ընդգծեց օլիմպիական խաղերի չեմպիոնը, այդպիսի մարզումները շատ կարեւոր են, միջոցառման գաղափարն էլ շատ գովելի է. «Պետք է շաբաթը 1 անգամ զբաղվել սպորտով, որպեսզի լինենք առողջ»։



Ի դեպ, Արթուր Ալեքսանյանը դեռ չէր հասցրել մարզվել. ըմբիշին մարզումները սպասում էին երեկոյան։ Նա միջոցառմանը կարծես թե դիտորդի դերում էր, չնայած չբացառեց՝ հնարավոր է, որ մարզումներին միանա փոքր-ինչ ուշ։ Հավաքված երիտասարդները, բաց չթողնելով առիթը, լուսանկարվեցին հայազգի պարծանք «Սպիտակ արջի» հետ։

Հաջորդ հայտնի հյուրը ոչ թե դիտորդի դերում էր, այլ մարզվում էր ներկաների հետ։ «Միսս Հայաստան» Լիլի Սարգսյանը մարզումների էր եկել իր մարզչի խորհրդով։ Լիլի համար մարզումները շատ կարեւոր են ոչ միայն առողջ լինելու տեսանկյունից, այլեւ գեղեցիկ մարմինը պահպանելու առումով։ Տարվա գեղեցկուհին բոլորին հորդորեց մարզվել եւ շրջապատողներին նույնպես վարակել մարզվելու ցանկությամբ։

Ինչեւէ, հարկ է նշել, որ միջոցառումների այս շարքը կարճ ժամանակահատվածում սիրվեց եւ գտավ իր հավատարիմ երիտասարդներին։ 

Պատկերասրահ՝ 
Մասսայական մարզումներ մարզահամերգային համալիրում