Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբից
Տեղադրվել է 14-10-2017
Երիտասարդական նվագախմբի պղնձափողային անսամբլը ներկայացրեց ինքնատիպ ստեղծագործություններ
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի պղնձափողային անսամբլը հոկտեմբերի 13-ին համերգով հանդես եկավ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակում անցկացված համերգային երեկոյի ընթացքում ինքնատիպ գործիքային կազմ ունեցող կոլեկտիվը, որի կազմում հանդես են գալիս Երիտասարդական նվագախմբի առաջատար երաժիշտները, ներկայացրեց հատուկ գրված ստեղծագործություններ եւ փոխադրումներ: 

Անսամբլի երաժիշտները փաստում են՝ գործիքային այս կազմի համար գրված ստեղծագործություններն այնքան էլ շատ չեն, հետեւաբար «օգնության են գալիս» տարբեր փոխադրումներ: 

Համերգի ընթացքում հնչեցին Դմիտրի Շոստակովիչի «Տոնական նախերգանքը», «Սյուիտը»՝ «Բոռը» կինոֆիլմից (փոխադրումը՝ Սթիվեն Վերհաերթի), Ռիխարդ Վագների «Էլզայի երթը դեպի տաճար» հատվածը «Լոհենգրին» օպերայից (փոխադրումը՝ Սթիվեն Վերհելսթի), Յան Սիբելիուսի «Ֆինլանդիան» (փոխադրումը՝ Սթիվեն Վերհելսթի), Մարտին Ուլիխանյանի մանրանվագներն Արամ Խաչատրյանի թեմաներով, Թեդ Ջոնսի «Երեխան ծնվեց» ստեղծագործությունը (տրոմբոնի մենանվագը` Վահրամ Դավթյանի): Ելույթով հանդես եկավ նաեւ նվագախմբի պղնձափողային կվինտետը՝ կատարելով արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններ: 

Ի դեպ, այդ կազմը համերգով հանդես է եկել ուղիղ մեկ տարի առաջ՝ կրկին խաչատրյանական փառատոնի շրջանակում: Եվ նախորդ տարի տեղի էր ունեցել նվագախմբի պղնձափողային կվինտետի շնորհանդեսը: 

Երաժշտական գործիքների այդ համադրությունն իսկապես ինքնատիպ է ու իր բնույթով եզակի հայաստանյան մշակութային իրականությունում: Փառատոնային երկրորդ ելույթը հանդիսատեսն ընդունեց ջերմ ծափահարություններով: 

Հիշեցնենք, որ Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնը, որը մեկնարկեց լեգենդար Ջոն Մալկովիչի մասնակցությամբ համերգով, նվիրված է Հովհաննես Այվազովսկու 200-ամյա հոբելյանին: Այն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։ Փառատոնը կյանքի է կոչում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ «ՎիվաՍելլ-ՄՏՍ»)՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» հիմնադրամի եւ Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի աջակցությամբ։