Նյութը՝ Թամարա Գասպարյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 14-10-2017
Շնորհավո՛ր տոնդ, իմ վարդագո՛ւյն սեր
2799. արդեն այսքան տարեկան ես, Երեւա՛ն: Եվ ամեն տարվա, ամեն օրվա հետ մի նոր քար է ավելանում, բայց դրանից չես ծերանում, չէ՛, այլ յուրաքանչյուր նոր սերնդի հետ ավելի ես երիտասարդանում, կարծես մրցեք, թե ով ավելի առույգ ու ժամանակակից կլինի: Սակայն այդ մրցույթը հաղթելու համար չէ. դու վաղուց ես հաղթել: Հաղթել ես, երբ հնի կողքին կառուցել ես նորը, երբ համադրել ես հին ու նոր արժեքները, երբ քայլել ես ժամանակին համահունչ…

Երեւա՛ն, քեզ չսիրել հնարավոր չէ… Իրենց սերն ամեն վայրկյան ապացուցում են երեւանցիները, հայաստանցիներն առհասարակ, զբոսաշրջիկները, որ զմայլված քայլում են փողոցներովդ: Օտարները վաղը գնալու են, բայց անզուգական կոլորիտը թողնելու են, թողնելու են հիացած, քո ամեն կառույց ոգեւորությամբ բացահայտած հայացքները: Գնալու են ու պատմեն, որ աշխարհի մի փոքրիկ անկյունի՝ Հայաստանի սրտում կա մի փոքրի՜կ քաղաք, որ նույնիսկ Հռոմից է տարիքով մեծ: Հպարտանալիք է, չէ՞…

Այսօր նորից ամեն տարվա պես մասնակցելու եմ ծննդյանդ տարեդարձին, ասելու եմ այն, ինչ արդեն քանի՜-քանի՜ անգամ լսել ես, ինչն արդեն անգիր գիտես… Կրկին սիրտս բացելու եմ քո առաջ ու նորից խոստովանեմ սերս… բայց, ո՛չ, խոստովանում են այն, ինչ հայտնի չէ, իսկ ես ամեն առիթով ասում եմ դա… Ուրեմն միայն կշնորհավորեմ ու կմաղթեմ բազում 2799-եր, անսպառ եռանդ, երիտասարդական ավյուն ու վարդագույն տրամադրություն.... 

Այսօր էլի, աշխարհից, ամենքից կտրված, կքայլեմ մեծ ու փոքր փողոցներովդ, սիրուն այգիներովդ ու պուրակներովդ, ոտքերս չզգալու չափ կթափառեմ ու չեմ հոգնի. կզբոսնեմ ու ակամա կհիշեմ հայտնի երգի խոսքերը. 

««Ես քեզ սիրում եմ»,- էս խոսքերն ասում եմ քեզ, իմ Էրեւա՛ն,
Արժեր հասնել աշխարհի ծերը, որ այս բառերը հասկանամ...»: 

Պատկերասրահ՝ 
Էրեբունի- Երեւան - 2799