Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 14-10-2017
«Արեւորդի» 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի մեկնարկը տրված է
Հոկտեմբերի 13-ին Սիրահարների այգում օսկարակիր Լեոնարդո Դի Կապրիոյի եւ Ֆիշեր Սթիվենսի «Ջրհեղեղից առաջ» ֆիլմի ցուցադրությամբ տեղի ունեցավ «Արեւորդի» 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի բացումը:



ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ փառատոնը Հայաստանում իրականացվում է 2007 թվականից: Իրականացվել են բազմաթիվ բնապահպանական, էկոդաստիարակչական, էկոկրթական միջոցառումներ. 



«2012 թվականից Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հետ ՀՀ բնապահպանության նախարարությունը ստորագրել է փոխըմբռնման հուշագիր, որի համաձայն՝ նախարարությունն ակտիվ ներգրավվել է փառատոնի ընթացիկ ծրագրերին եւ միջոցառումներին: Փառատոնն էկոկրթական առումով նոր մշակույթ է մտցրել Հայաստանում: Հատկանշական է, որ փառատոնի կողքին, բացի պետական կառույցներից, մշտապես եղել են մասնավոր կառույցները, հատկապես՝ «VivaCell-MTS»-ը: Վերջինս մշտապես աջակցել է ոչ միայն փառատոնի շրջանակներում, այլեւ տարբեր բնապահպանական ծրագրերի ժամանակ»:



ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալը, խոսելով փառատոնի քարոզչական բաղադրիչի մասին, նշեց, որ փառատոնին մասնակցում են պատանիներ եւ երիտասարդներ, որոնց թիվը տարեցտարի ավելանում է: 

Այս տարի գրանցվել է 1200-ից ավելի բնապահպանական ֆիլմերի հայտ, որոնցից ընտրվել է 83-ը, ինչը, անցած տարվա համեմատ, կրկնակի է: 



«Փառատոնն իրականացվում է նաեւ մարզերում, բացի դրանից՝ այս տարի 17 կետում տեղի են ունենալու ֆիլմերի ցուցադրություններ: Պետք է նշեմ, որ բնապահպանական խնդիրները կարեւոր են ոչ միայն նախարարության, այլեւ հանրության համար: Յուրաքանչյուրը, ով ներգրավվում է այս գործընթացներում, բնապահպանական խնդիրներ լուծող պոտենցիալ անձ է հանդիսանում»,- նշեց նախարարի տեղակալը:



Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի, «Արեւորդի» միջազգային բնապահպանական փառատոնի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը փաստեց, որ ամեն տարի փոփոխություններ են իրականացվում փառատոնի ծրագրում, եւ այս տարի եւս բացառություն չէ. «Այս տարի փառատոնը դուրս է եկել իր հիմնական ձեւաչափից: Ֆիլմերի ցուցադրություններն իրականացվում են տարբեր ժամանցային կենտրոններում, ուր երիտասարդներն իրենց լավ են զգում, համարձակ են եւ պատրաստ քննադատելու, խոսելու, դառնալու գլոբալ շարժման մի մաս: Փառատոնը յուրահատուկ ինդիկատոր է, քանի որ դուրս է գալիս պաշտոնական շրջանակներից եւ իր շուրջը համախմբում հասարակության շարժիչ ուժին՝ երիտասարդներին, ովքեր իրենց ձայնն ի վերջո բարձրացնում են»: 



Ռուբեն Խաչատրյանի խոսքով՝ այս տարին բացառիկ է ֆիլմերի հայտերի քանակով: Դրանք ֆիլմեր են, որոնք մեծ աղմուկ են բարձրացրել աշխարհում, ինչպես նաեւ ուղղություններ փոխել, անգամ՝ քաղաքական առումով: 

Նշենք, որ սպասվում են նաեւ հետաքրքիր մի շարք միջոցառումներ եւս: Մասնավորապես կլինեն աշխատարաններ, ցուցահանդեսներ: 



«Պետք է փաստել, որ փառատոնը երկու կարեւոր քարոզարշավ է իրականացնելու: Մեկն ընդհանուր էկոլոգիական մեծ քայլ կարելի է համարել. այն է՝ էկոգյուղերի մեծ ցանց է հիմնադրվում Հայաստանում եւ Արցախում: Սա նոր ձեւաչափով ապրելակերպ է. ավելի մեծ ուշադրություն է հատկացվում շրջակա միջավայրին: Ավելի քան 10 գյուղ կստորագրի հուշագիր՝ դառնալով այդ ցանցի անդամ: Երկրորդ քարոզարշավը, որը սկսվում է, արջերի փրկության հարցն է»,-նշեց փառատոնի հիմնադիրը: 

Հավելենք, որ բոլոր միջոցառումների մուտքն ազատ է: