Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 13-10-2017
Մեկնարկել է «Տեսական եւ կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրները» գիտաժողովը
Այսօր ԵՊՀ-ում կայացավ «Տեսական եւ կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրները» խորագրով 6-րդ միջազգային գիտաժողովը։

Կազմակերպիչները վստահ են, որ գիտաժողովը իր տեսակով ոչ միայն գիտական հավաք է, այլ արդեն ավանդույթներով հագեցած իրադարձություն, որը թույլ է տալիս ընդլայնել գիտական մտահորիզոնը եւ մասնագիտական կապերի աշխարհագրությունը: Տարբեր տարիների գիտաժողովների թեմատիկան կրել է զարգացող բնույթ` կրթության հիմնախնդիրներից մինչեւ լայնամասշտաբ` հոգեբանական հետազոտությունների եւ պրակտիկայի տարբեր ուղղություններ:



«Տեսական եւ կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրները» գիտաժողովը մեկնարկել է 2005 թվականին եւ 6-րդ անգամ իրականացվում է ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի կողմից:



Այս տարի գիտաժողովին մասնակցելու համար Հայաստան են ժամանել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Արգենտինայի, Հարավային Աֆրիկայի, Ռուսաստանի, Վրաստանի անվանի եւ աշխարհահռչակ գիտնականներ։



«Տեսական եւ կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրները» խորագրով 6-րդ միջազգային գիտաժողովի նպատակներն են՝ հոգեբանական հանրությանը իրազեկել ժամանակակից հոգեբանության մարտահրավերներին եւ արդի հիմնախնդիրներին, նպաստել տարբեր երկրներում գործող հոգեբանական դպրոցների ներկայացուցիչների հետ փորձի փոխանակմանը եւ մասնագիտական կապերի, ինչպես նաեւ համագործակցային եզրերի ընդլայնմանը: 



Գիտաժողովի 2 օրերի ընթացքում նախատեսվում է 3 վարպետաց դաս, որոնք կվարեն Ֆրանսիայի Ավինյոնի համալսարանի դոկտոր Լուի Բասկոն, Հարավային Աֆրիկայից ժամանած՝ բիզնես հոգեբանության մասնագետ Դավիթ Դավթյանը եւ ԵՊՀ անձի եւ մասնագիտական գործունեության հոգեբանության գիտահետազոտական լաբորատորիայի ավագ գիտաշխատող Ե. Մուրադյանը: 



Ուսանողները նույնպես այդ գիտաժողովի մեծ մաս են կազմում, ուստի թեմատիկ զեկույցներին համապատասխան կլոր սեղաններ են կազմակերպվելու մասնակից երիտասարդ գիտնականների, ասպիրանտների եւ ուսանողների համար:



Հիշեցնենք, որ գիտաժողովը մեկնարկել է այսօր՝ հոկտեմբերի 13-ին, եւ կավարտվի 15-ին։