Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Գայանե Մելիքյանի
Տեղադրվել է 13-10-2017
Հայաստանը եւ Ռուսաստանը կհամագործակցեն ցանցացատկի (բատուտ) ոլորտում
Այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում Ռուսաստանի ցանցացատկի (բատուտ) ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսեյ Ռիժկովը, Հայաստանի ցանցացատկի ֆեդերացիայի հիմնադիր, նախագահ, Գինեսի հնգակի ռեկորդակիր Դավիթ Ֆահրադյանը եւ ավագ մարզիչ Յուրի Ասլանյանը խոսեցին ոլորտում Հայաստանի եւ Ռուսաստանի համագործակցային շրջանակների եւ Հայաստանում իրականացվելիք ծրագրերի մասին:

Դավիթ Ֆահրադյանը նշեց, որ Ռուսաստանում եւ մասնավորապես Կրասնոդարում բատուտը բավականին զարգացած է: 

«Մեզ մեծ աջակցություն են ցուցաբերում հայ համայնքի նախագահը, մարզիչները, ինչպես նաեւ ունենում են փորձի փոխանակման լավ հնարավորություններ: Մյուս տարի մենք կմասնակցենք մի շարք մրցույթների, ինչպես նաեւ հավաքների: Այս ամենը եւս Ռուսաստանի հետ քննարկել ենք»,- ասաց Դավիթ Ֆահրադյանը:

Ավագ մարզիչ Յուրի Ասլանյանը նշեց, որ Կրասնոդարում ունի նաեւ հայազգի սաներ, ովքեր մեծ պոտենցիալ ունեն. «Ես մեր մարզիկներին մաղթում եմ արդյունավետ աշխատանք: Նրանք շատ մեծ հնարավորություններ ունեն միջազգային ասպարեզում հանդես գալու եւ Հայաստանը պատվով ներկայացնելու: Չնայած դժվարություններին, տեխնիկական պայմաններին՝ այստեղի երեխաները շատ աշխատասեր են, պարապմունքներին մեծ հաճույքով են հաճախում: Ավելի քան 200 երեխա է զբաղվում այս սպորտաձեւով: Մենք Դավիթ Ֆահրադյանի հետ համագործակցում ենք ոլորտի զարգացման համար»:

Ռուսաստանի ցանցացատկի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսեյ Ռիժկովն էլ նշեց, որ առաջին անգամ է Հայաստանում: Նրա խոսքով` բատուտն ամենադժվար սպորտաձեւերից մեկն է, որի համար անհրաժեշտ են համապատասխան տեխնիկական միջոցներ, անվտանգության ապահովման կարեւոր տարրեր եւ մարզումների համար անհրաժեշտ պայմաններ. «Հայաստանի բախտը բերել է, որ ունի նման քաղաքացիներ, նախաձեռնողներ, ովքեր ձգտում են իրենց ուժերով եւ աշխատանքով առաջ տանել այս սպորտաձեւը: Ես ներկա գտնվեցի երեխաների մարզումներին ու տեսա, թե ինչ հաճույքով են նրանք մարզվում, նրանց աչքերը պարզապես փայլում էին, ծնողներինը` եւս: Դուք ունեք շատ լավ կադրեր, ովքեր ապագայում հաջողություններ կգրանցեն»:

 Ալեքսեյ Ռիժկովի խոսքով` համատեղ պարապմունքներ անցկացնելու ցանկություն կա հատկապես Կրասնոդարում եւ Երեւանում, քանի որ համատեղ համագործակցության արդյունքում կարելի է իսկապես ավելի շատ զարգացնել այդ սպորտաձեւը: