Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 13-10-2017
«Բհարատնատյամ»՝ հնդկական շունչ Հայաստանում
Հոկտեմբերի 12-ին «Բհարատնատյամ» պարային համույթը ելույթ ունեցավ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում:

Պրատիբհա Պրահլադի ղեկավարած համույթի ելույթը նվիրված էր Հայաստանի Հանրապետության եւ Հնդկաստանի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին։

«Այսօրվա պարը ներկայացնում են Պրատիբհա Պրահլադը եւ իր խումբը։ Պրատիբհա Պրահլադը նշանավոր դասական պարուհի է, ով իր կարիերայի ընթացքում մեծ ներդրում է ունեցել թե՛ որպես մանկավարժ, թե՛ հեղինակ եւ թե՛ կատարողական արվեստի փառատոնի համադրող»,- ասաց ՀՀ-ում Հնդկաստանի  դեսպան Սանգվան Յոգեշվարը։

Ինչպես նշեց դեսպանը, Հնդկաստանում սիրված եւ Հայաստանում արդեն իսկ ճանաչում ունեցող պարուհին միայն Հնդկաստանի հանդիսատեսին ներկայացել է մոտ 3000 ներկայացումներով։ Նա պարարվեստում ունեցած իր ներդրման համար Հնդկաստանում արժանացել է բազմաթիվ շքանշանների, մրցանակների։ 

Անխոս, բոլորս էլ տեղյակ ենք, որ հնդկական արվեստում մեծ տեղ է գրավում պարը: Այն Հնդկաստանի մշակութային ժառանգության անքակտելի մասն է կազմում: Գոյություն ունի յոթ դասական պարային ոճ` բհարատնատյամ, կատհակ, կատհակալի, օրիսսի, մանիպուրի, մոհինիատտամ եւ կուչիպուդի: Յուրաքանչյուր ոճ ունի իր համապատասխան հագուստը եւ զարդեղենը, որոնց նայելով` կարելի է կռահել, թե որ պարաոճն է կատարվում: 

Պրատիբհա Պրահլադը յուրաքանչյուր պարից առաջ անձամբ էր ներկայացնում պարը՝ նշելով նրա պատմությունը եւ ասելիքը։ Պարուհին վստահ է, որ յուրաքանչյուր պար կարողանում է իր խոսքը հասցնել բոլորի հոգիներին։

Պարուհին ընդգծեց նաեւ, որ ներկայացված պարաձեւում իրենց ուրույն տեղն ունեն ձեռքերի մատների շարժումները` մուդրաները: Յուրաքանչյուր մուդրա ունի իր նշանակությունը: 

Հարկ է նշել, որ բոլոր պարերը կատարվում էին բոկոտն, եւ պարերում հիմնական թեման աստվածներին երկրպագությունն էր եւ առասպելական հերոսների կյանքը:

Պատկերասրահ՝ «Բհարատնատյամ» պարային համույթը Երեւանում