Նյութը՝ Թամարա Գասպարյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 12-10-2017
Հոկտեմբերի 12-ը ծխախոտի դեմ պայքարի ազգային օրն է
Յուրաքանչյուր 6 վայրկյանը մեկ աշխարհում 1 մարդ մահանում է ծխելուց, մոլորակում գրանցված յուրաքանչյուր 10-րդ մահվան պատճառը նույնպես ծխախոտն է. այս մասին են փաստում Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները:

Ծխախոտը մի շարք հիվանդությունների առաջացման պատճառ է: Ըստ վիճակագրության՝ 20-րդ դարում ծխելու հետեւանքով մահացել է 100 մլն մարդ։ 

Ծխախոտի կիրառումը վնասակար է ոչ միայն ծխողների, այլեւ շրջապատի համար: Աշխարհում ծխելու հետեւանքով տարեկան մահանում է 7 միլիոն մարդ, որից 600 հազարը՝ պասիվ ծխելու պատճառով:

2008 թվականից հոկտեմբերի 12-ը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է որպես ծխախոտի դեմ պայքարի ազգային օր: 2004 թվականի հենց այդ օրն է Հայաստանը միացել Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Ծխախոտի դեմ պայքարի մասին» շրջանակային կոնվենցիային, որի նպատակն է ներկա եւ ապագա սերունդներին պաշտպանել մարդկանց առողջության համար ծխախոտի օգտագործման եւ դրա ծխի ազդեցության քայքայիչ հետեւանքներից:

Ծխախոտի համաճարակի վերաբերյալ ԱՀԿ-ի 2015 թ.-ի զեկույցի համաձայն՝ 2012 թ.-ին Հայաստանում մեծահասակների շրջանում ծխախոտի օգտագործման տարածվածությունը կազմել է 25.4% (տղամարդկանց շրջանում՝ 50.9%, իսկ կանանց՝ 3.2%):

Այս տարի ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակվել է ծխախոտի դեմ պայքարի նոր ծրագիր, որով նախատեսվում են կոշտ օրենսդրական փոփոխություններ, որոնցով կհաստատվի հասարակական վայրերում ծխելու եւ գովազդի ամբողջական արգելքը։