Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 12-10-2017
«Հայաստանի Սուրբ Քարեր»-ը հասանելի է անգլերեն տարբերակով
Ֆաբիեն Կրահենբուլի եւ Պատրիկ Դոնաբեդյանի «Հայաստանի Սուրբ Քարեր» գիրքն արդեն հասանելի է անգլերեն թարգմանությամբ։

Շնորհանդեսը երեկ՝ հոկտեմբերի 11-ին, կայացավ «Էսպաս» կենտրոնում։ Միջոցառմանը ներկա էին «Կազա» հիմնադրամի նախագահ Մոնիք Բոնդոլֆի-Մասրաֆը եւ հենց ինքը՝ գրքի հեղինակներից Ֆաբիեն Կրահենբուլը։



«Խնդիրն այն էր, որ ես ծանոթ չէի Հայաստանի ճարտարապետությանը, ուստի սխալվելու մտավախություն կար: Ես այսօր ձեզ եմ ներկայացնում իմ 3 տարիների աշխատանքը»,- նշեց Ֆաբիեն Կրահենբուլը։

Գիրքը պատմում է Հայաստանի հարուստ ճարտարապետության եւ հնագույն հուշակոթողների մասին: Միաժամանակ հեղինակները փորձել են նյութը մատուցել հնարավորինս հանրամատչելի լեզվով՝ զերծ մասնագիտական նեղ սահմանումներից: Գրքի ճկուն լեզուն հասանելի է նրանց, ովքեր հետաքրքրված են Հայաստանի մշակութային ժառանգությամբ ու պատմությամբ, ինչպես նաեւ ցանկանում են բացահայտել Հայաստանի զբոսավարության մեծ հեռանկարները:



«Հայաստանի Սուրբ Քարեր» ֆրանսերեն բնօրինակը հրատարակվել է դեռ 2014 եւ 2015 թթ.-ին։ Գիրքն ի սկզբանե պետք է լիներ ճարտարապետական եզրույթների բառարան՝ նախատեսված զբոսավարների համար, սակայն հիմնադրամի նախագահի առաջարկությամբ Ֆաբիեն Կրահենբուլը եւ Պատրիկ Դոնաբեդյանը, համատեղ ուսումնասիրելով հայկական ճարտարապետությունը, ստեղծում են «Հայաստանի Սուրբ Քարեր»-ը, որն իր տեսակով գիտաճանաչողական ձեռնարկ դարձավ ոչ միայն զբոսավարների, այլեւ բոլոր ընթերցասերների համար։ 



«Կազա» հիմնադրամի նախագահ Մոնիք Բոնդոլֆի-Մասրաֆը բացառիկ գործ է որակում այդ աշխատանքը՝ համարելով գիտահանրամատչելի գրքի հիանալի օրինակ։

Հավելենք, որ գիրքը մեծ հետաքրքրություն է առաջացրել այն մարդկանց շրջանակում, ովքեր զբոսավարության ոլորտում ցանկանում են ընդլայնել իրենց գիտելիքները։