Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝
Տեղադրվել է 12-10-2017
Հայաստանյան պատվիրակությունը Ռուսաստանում մասնակցում է Երիտասարդության հարցերով նախարարների միջազգային հանդիպմանը
70 երկրի երիտասարդության հարցերով պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչներ Ռուսաստանում են՝քննարկելու երիտասարդությանն առնչվող խնդիրներ:

 Երիտասարդության հարցերով նախարարների միջազգային հանդիպումը (International Youth Ministers Meeting) անցկացվում է Մոսկվայում՝ Երիտասարդների եւ ուսանողների միջազգային փառատոնին ընդառաջ: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը: Հայաստանյան պատվիրակությունը կարեւորագույն միջոցառմանը գլխավորում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը: 

Նա միջոցառման շրջանակում հանդես է եկել «Տարածաշրջանային անվտանգության մարտահրավերները երիտասարդների համար. հայաստանյան մոտեցում» խորագրով ելույթով: 



«Երիտասարդներն էական ներուժ են, մեր պետությունների հետագա զարգացման երաշխիքը: Մեզնից շատերի երկրներում երիտասարդության խնդիրները հիմնականում նույնն են` կրթության որակին, զբաղվածությանը, սոցիալ-տնտեսական ու այլ հարցերին առնչվող խնդիրներ: Միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությունը կարեւոր է յուրաքանչյուր երիտասարդի ինքնադրսեւորման, սոցիալական եւ տնտեսական ներգրավման համար: Անվտանգ շրջակա միջավայրը երիտասարդների համար հիմնական երաշխիքն է` գործելու եւ զարգանալու ու իրենց երկրի ապագան կերտելու համար»,- իր ելույթում նշել է պարոն Քարամյանը: 

Նրա խոսքով՝ միջազգային եւ տարածաշրջանային կայունության բացակայությունը, ակտիվ եւ սառեցված հակամարտությունները եւ այլ հարցեր խանգարում են երիտասարդների լիարժեք ներուժի իրացմանը, բազմապատկում են խնդիրները եւ հետաձգում դրանց լուծումները: Մեր տարածաշրջանում նմանօրինակ խնդիր է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Իր ելույթում ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալն անդրադարձել է նաեւ այդ հարցին: 



«Հայաստանի Հանրապետությունը մշտապես ջանք չի խնայում խաղաղ ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար, որը տարածաշրջանում բոլոր ազգերի երիտասարդների ինքնադրսևորման համար ապահով միջավայր է ապահովելու: Միայն անվտանգության դեպքում երիտասարդները կկարողանան ներդրում կատարել իրենց ապագայում եւ հիմք կստեղծեն իրենց երկրի ապագայի զարգացման համար: Իսկ դրա լուծումն անմիջականորեն հենված է երկխոսության և փոխզիջման վրա, ինչը չի կարող ենթադրել ավելի ցածր կարգավիճակ, քան Արցախի Հանրապետության ներկա կարգավիճակն է»,- ընդգծել է Արսեն Քարամյանը: 

Հայկական պատվիրակությունը նաեւ աշխատանքային հանդիպումների է մասնակցում՝ ընդլայնելու երիտասարդության ոլորտում միջազգային համագործակցությունը: