Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 05-10-2017
Նյույորքյան շունչ՝ «Պրոսպեկտ» դաշնամուրային եռյակից
Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտի դահլիճում հոկտեմբերի 4-ին համերգով հանդես եկավ «Պրոսպեկտ» դաշնամուրային եռյակը:

Դաշնակահար Հայկ Արսենյանը, ջութակահար Սամի Մերդինյանը եւ թավջութակահար Մայքլ Նիկոլասը ներկայացրին Լեոնարդ Բերնստայնի, Աստոր Պիացոլայի, Անտոն Դվորժակի ստեղծագործություններից: Համերգը կազմակերպել էր Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ): 

«Շատ շնորհակալ ենք ջերմ ընդունելության համար: Մեզ համար մեծ պատիվ է հանդես գալ այստեղ: Որպես տրիո մեր առաջին համերգն է Հայաստանում: Մայքլը երբեք չի եղել Հայաստանում, Սամին եղել է 10 տարի առաջ, ես էլ՝ 25 տարի առաջ: Այսօրվա համերգի համար պատրաստել ենք նյույորքյան ծրագիր: Հնչում են այն կոմպոզիտորների գործերը, ովքեր երբեւէ ապրել են Նյու Յորքում»,- ասաց Հայկ Արսենյանը: 



Նշենք, որ դաշնակահարը համերգներով հանդես է գալիս տարբեր երկրներում, ելույթներ է ունեցել «Քարնեգի հոլում», ՅՈՒՆԵՍԿՕ-ի պալատում, «Salle Cortot»-ում եւ այլն: Ներկայումս Հայկ Արսենյանը դասավանդում է «Տիշ» հեղինակավոր արվեստի դպրոցում, բազում մրցանակների ու պարգեւների դափնեկիր է, իսկ 2012 թվականից ղեկավարում է Հայկական բարեգործական ընդհանուր միության (AGBU) կատարողական արվեստի բաժինը։

Սամի Մերդինյանը նույնպես հանդես է գալիս լավագույն բեմերում՝ տարբեր նվագախմբերի հետ: «La Nacion» պարբերականի կողմից արժանացել է բարձր գնահատանքի «գեղեցիկ հնչյունների եւ նրբին մեղեդայնության համար»: «Բանդոնեոնի վարպետներ» անվանակարգում ներկայացվել է Գրեմմի մրցանակի՝ տանգոյի լավագույն ալբոմի համար: 

Մայքլ Նիկոլասին էլ «New Yorker» պարբերականն անվանում է «Նյու Յորքի բեմերը վաղուց հմայած անձնավորություն»: Վերջինս նույնպես պահանջված արտիստ է, հանդես է գալիս մի շարք անսամբլներում: 

Պատկերասրահ՝ «Պրոսպեկտ» դաշնամուրային եռյակի համերգը