Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 04-10-2017
Հայ եւ ռուս երիտասարդների համագործակցությունը երրորդ հայ-ռուսական երիտասարդական ֆորումի շրջանակում
Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ՌԴ Ռազմավարական ծրագրերի կենտրոնի ղեկավար Ելենա Գոդովիխը, Ռուսաստանի գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնի ներկայացուցիչ Սոսե Մարտիրոսյանը, Հայ-ռուսական երիտասարդական միասնության փոխնախագահ Սերգեյ Վարդազարյանը եւ «Worldskills Russia» ասոցիացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Դմիտրի Գլուշկոն խոսեցին հայ եւ ռուս երիտասարդ գործարարների հետաքրքրությունների եւ համատեղ ներդրումային ծրագրերի մասին: Անդրադարձ կատարվեց նաեւ Երեւանում կայանալիք երրորդ հայ-ռուսական երիտասարդական ֆորումին:

«Worldskills Russia» ասոցիացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Դմիտրի Գլուշկոն նշեց, որ Հայաստանի հետ համագործակցությունն առաջին հերթին կառուցվում է Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի կողմից Աստանայում կայացած ֆորումի ժամանակ ստորագրված համաձայանգրով, որով ստեղծվել է «Eurasia Skills»-ը: Այն նպատակ ունի զարգացնել, մշակել եւ պատրաստել մասնագետների, ինչը հնարավորություն կտա ունենալ ավելի որակյալ աշխատակազմ: Երիտասարդների համար դա հիանալի տարբերակ է՝ իրենց մասնագիտական գիտելիքները զարգացնելու եւ նոր, ժամանակակից տեխնոլոգիաներով աշխատելու համար: 

Հայ-ռուսական երիտասարդական միասնության փոխնախագահ Սերգեյ Վարդազարյանը փաստեց, որ այդպիսի համագործակցություններն անխոս կարեւոր են, քանի որ որակյալ կադրերի պատրաստումը կարեւոր է ոչ միայն Հայաստանի, այլեւ ամբողջ աշխարհի համար. «Որակյալ եւ պրոֆեսիոնալ կադրերի պակասը գնալով ավելի է զգացվում: Ֆորումի ժամանակ տարբեր սեկցիաներ կգործեն՝ IT, տնտեսական եւ այլն, որտեղ կքննարկվեն կարեւոր հարցեր՝ գործատուներին, գործարարներին, շահագրգիռ անձանց հետաքրքրող»:

ՌԴ Ռազմավարական ծրագրերի կենտրոնի ղեկավար Ելենա Գոդովիխն էլ նշեց, որ յուրաքանչյուր երկրի համար շարժիչ ուժ է հենց երիտասարդությունը, ուստի կարեւոր է, որ նրանք ստանան պրոֆեսիոնալ որակավորում, իմանան երկու ազգերի մշակույթը, արդյունավետ շփվեն եւ համագործակցեն միմյանց հետ. «Իհարկե, այդ գործընթացներում կարեւորում ենք Ռուսաստանի գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնի հսկայածավալ աշխատանքը, որը մշտապես աջակցում է տարբեր միջոցառումների կազմակերպմանը»: 



Կենտրոնի ներկայացուցիչ Սոսե Մարտիրոսյանը, կարեւորելով համագործակցության ոլորտները, նշեց, որ հայ եւ ռուս երիտասարդները պետք է հասկանան, թե որքան կարեւոր եւ թանկ են համագործակցության շրջանակները: Նմանօրինակ ֆորումների անցկացումն էլ արդյունավետ համագործակցության վառ ապացույցն է: 

Այն հարցին, թե հայ եւ ռուս երիտասարդներին ինչ է տալիս համատեղ աշխատանքը, եւ ինչ ոլորտի ծրագրեր են ներկայացվում ու քննարկվում, Ելենա Գոդովիխը նշեց. «Կարող եմ ասել, որ այս տարիների ընթացքում, ինչ համատեղ աշխատում ենք, երիտասարդների հետաքրքրությունը գնալով աճում է: Երիտասարդները կարողանում են ներկայացնել իրենց արդեն պատրաստի նախագծերը կամ գաղափարները, որոնք նրանք կարող են համատեղ իրականացնել: Դրանք տնտեսական, հումանիտար, հայրենասիրական, կոմերցիոն նախագծեր են, որոնք համագործակցության ընթացքում քննարկվում, մշակվում եւ ներկայացվում են: Շատ ուրախալի է հատկապես այն փաստը, որ գործնական համագործակցության շրջանակը վերածվում է ընկերական եւ անգամ ընտանեկան լավ հարաբերությունների»:

Հավելենք, որ միջոցառումներն այս տարի անցկացվելու են Եվրասիական համագործակցության երկրորդ միջազգային ֆորումին զուգահեռ: Երիտասարդական ֆորումն ուղղված է Ռուսաստանի եւ Հայաստանի երիտասարդության համախմբմանը, եվրասիական ինտեգրման գաղափարների եւ արժեքների առաջխաղացմանը: Վերոհիշյալ միջոցառումը կազմակերպում է Մոսկվայի հայ երիտասարդության ասոցիացիան` Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության աջակցությամբ: Հիմնական կազմակերպչական գործընկեր է հանդիսանում Հայ-ռուսական երիտասարդական միասնությունը:



Ֆորումի անցկացման գործընկերներն են նաև Հումանիտար զարգացման միջազգային հասարակական կազմակերպությունը, «Ինտեգրում եւ զարգացում» հասարակական կազմակերպությունը, Ռուս-հայկական երիտասարդության ալյանսը:
Նախագիծն իրականացվում է պետության միջոցներով` Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից տրամադրված եւ քաղաքացիական հասարակության զարգացմանն ուղղված դրամաշնորհի տեսքով:

Ֆորումին մասնակցում են ուսանողներ, մագիստրոսներ,  ասպիրանտներ, Ռուսաստանի եւ Հայաստանի հասարակական կազմակերպությունների ակտիվիստներ. ավելի քան 200 հոգի:

Միջոցառման ծրագրի համաձայն` անցկացվելու է լիակազմ նիստ` Ռուսաստանի եւ Հայաստանի պետական իշխանության մարմինների ներկայացուցիչների, փորձագետների, ինչպես նաեւ հասարակության կարծիքի, բիզնես-կառուցվածքների առաջնորդների մասնակցությամբ թեմատիկ սեկցիաներ: 

Լիակազմ նիստի շրջանակում քննարկվելու են Եվրասիական տնտեսական միության երկրների միասնական տեղեկատվական տարածության ստեղծման արդյունքները եւ զարգացման միտումները, եվրասիական ինտեգրման հումանիտար կողմերը, թվային տնտեսությունը, կադրերի պատրաստման ժամանակակից պահանջները, եվրասիական տարածության աշխատուժը:

Ֆորումի շրջանակում անցկացվելու է Ռուսաստանի եւ Հայաստանի երիտասարդության հումանիտար եւ մշակութային համագործակցության ոլորտի նորարարական գաղափարների մրցույթ: