Նյութը՝ Հ. Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 04-10-2017
Հայաստանի եւ Լեհաստանի ֆուտբոլային դիմակայության 7-րդ էջը կգրվի շուտով
Ֆուտբոլի Հայաստանի եւ Լեհաստանի ազգային հավաքականները նոր մրցակիցներ չեն. վաղվա խաղը կլինի 6-րդ պաշտոնականը եւ 7-րդն ընդհանուր առմամբ:

Առաջին խաղը Լեհաստանի եւ Հայաստանի հավաքականների միջեւ կայացել է 1999 թվականի մարտին: Ընկերական հանդիպման շրջանակում լեհերին հաջողվեց հաղթել նվազագույն առավելությամբ՝ 1-0:

Հաջորդ դիմակայությունը կայացավ արդեն երկու տարի անց՝ 2001-ին: Աշխարհի գավաթի խաղարկության ընտրական փուլի շրջանակում Լեհաստանը տանը հաղթեց խոշոր՝ 4-0 հաշվով, իսկ պատասխան խաղում, որ կայացավ հունիսին, խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1: Ընդ որում՝ այդ խաղում ներկայիս գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանին հաջողվեց պատասխան գնդակ խփել:

Հայաստան-Լեհաստան առճակատման 4-րդ եւ 5-րդ սերիաները տեղի ունեցան «ԵՎՐՈ-2008»-ի ընտրական փուլի շրջանակում: 2007 թվականի մարտին նույն օրն ինչ 6 տարի առաջ Լեհաստանը 1-0 հաշվով հաղթեց տան, եւ նույն հաշվով պարտվեց արդեն Երեւանում: Մինչեւ այսօր հայ երկրպագուների մոտ նոստալգիա է առաջացնում հանդիպման 66-րդ րոպեին կիսապաշտպան Համլետ Մխիթարյանի խփած հաղթական գնդակը և Յան Պորտերֆիլդի ցնծությունը:

Ամենաթարմ հուշերը, սակայն, պահպանվում են նախորդ տարվա հոկտեմբերից: Վարշավայի Ազգային ստադիոնում Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ մեր թիմը վերջին խաղն անցկացրեց:

Հանդիպման 48-րդ րոպեին Ռոբերտ Լեւանդովսկիի՝ «օգնությամբ» Հրայր Մկոյանը գրավեց սեփական դարպասը: Ընդամենը 2 րոպե անց՝ այսօր ծննդյան 33-րդ տարեդարձը նշող Մարկոս Պիզզելիին հաջողվեց հավասարեցնել հաշիվը՝ տուգանայինից կատարված դիպուկ հարվածով: Հանդիպմանն ավելացված լրացուցիչ ժամանակում՝ լեհական ֆուտբոլի մերօրյա առաջատարը՝ Ռոբերտ Լեւանդովսկին, դիպուկ հարվածով հաղթանակ պարգեւեց լեհերին՝ ստիպելով Վարուժան Սուքիասյանին հրաժարական տալ:

Արթուր Պետրոսյանը ստանձնեց հավաքականի ղեկը եւ ունի լեհերի դարպասը գրավելու փորձ: Արդյո՞ք սովորեցրել է նա իր խաղացողներին: Կերեւա վաղը: