Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 04-10-2017
Բացվեց բուլղարահայ նկարիչ Պետիկ Պետրոսյանի «Նավամատույցներ» ցուցահանդեսը
ՀԲԸՄ Հայաստանը` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովանավորությամբ, Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Մարիա Պավլովա Ցոցորկովայի, Հայաստանի ազգային պատկերասրահի եւ Սոֆիայի քաղաքային պատկերասրահի հետ ներկայացնում է բուլղարահայ նկարիչ Պետիկ Պետրոսյանի (1912-1989) «Նավամատույցներ» ցուցահանդեսը:

Հոկտեմբերի 3-ին տեղի ունեցավ ցուցահանդեսի բացումը: Ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, դեսպաններ, ԱԺ պատգամավորներ, արվեստի գործիչներ եւ այլք: 

Ցուցահանդեսում ներկայացված ավելի քան 90 գեղանկարչական ու գրաֆիկական երկերը պատմում են Հայաստանի, Սիլիստրայի, Բալչիկի, Դոբրուջայի գեղատեսիլ վայրերի ու գողտրիկ անկյունների մասին:

Ընդգրկված են աշխատանքներ ընտանիքի ու մասնավոր հավաքածուներից, Սոֆիայի քաղաքային պատկերասրահից, Սիլիստրայի, Վառնայի, Տուտրականի, Պազարջիկի, Դոբրիչի, Պլովդիվի պատկերասրահներից, Սիլիստրայի հայկական առաքելական եկեղեցուց, որոնք ներկայացնում են բնանկարներ, քաղաքային ու ծովային տեսարաններ, ինչպես նաեւ մեկ սրբապատկեր եւ եկեղեցու զարդապատկերների վերատպություններ:

ՀՀ-ում Բուլղարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովան մեծ ոգեւորությամբ փաստեց, որ այդ ցուցահանդեսը վառ ապացույցն է հայ-բուլղարական ջերմ հարաբերությունների. «Հայաստանն ու Բուլղարիան նշեցին իրենց դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Պետիկ Պետրոսյանն իր էությամբ մարդասեր անձ էր, ով կապող կամուրջ հանդիսացավ: Նրան բարձր են գնահատել եւ նրա արվեստով հիացել են բոլոր բուլղարացիները եւ բուլղարահայերը»:

Վառնայի մասնաճյուղի ատենապետ Գեւորգ Գրիգորյանն իր ընտանիքի անդամների կողմից շնորհակալության եւ երախտիքի խոսքեր հայտնեց ՀՀ մշակույթի եւ ՀՀ Սփյուռքի նախարարություններին, Հայաստանի ազգային պատկերասրահին եւ այն մարդկանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել ցուցահանդեսի բացման գործում. «Երեւի շատերի մոտ առաջանում է այն հարցը, թե ինչու այս ցուցահանդեսը եկավ Հայաստան, չէ՞ որ Պետիկ Պետրոսյանը միշտ ապրել եւ ստեղծագործել է Բուլղարիայում: Այս հարցի պատասխանը մեկ բառ է՝ Ցեղասպանություն: Մենք՝ հայերս, պետք է պայքարենք մինչեւ վերջ»:

Ավագ գիտաշխատող Մարգարիտա Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ սա առաջին փորձն էր Հայաստանի ազգային պատկերասրահում՝ ներկայացնելու Պետիկ Պետրոսյանի արվեստը. «Ներկայացնում ենք մի հայ ստեղծագործողի, ում արվեստն ինքնազարգացման վառ դրսեւորում է, օրինակ, քանի որ գեղանկարիչը, բարձրագույն կրթություն չստանալով, իր արվեստը կերտել է բուլղարական արվեստի հիմքի վրա՝ այդպիսով ստեղծելով իր արվեստը: Նրա աշխատանքներում գերակշռում են բնանկարները, որոնք բազմաժանր են»: 

Մարգարիտա Խաչատրյանի խոսքով՝ առանձնանում են հայկական երկու բնապատկերները, որոնք նկարիչը պատկերել է հայաստանյան այցի ժամանակ՝ ստեղծելով «Հայաստան» խորագիրը կրող շարքը: 

Նշենք, որ ցուցահանդեսը կգործի մինչեւ նոյեմբերի 3-ը: 

Պատկերասրահ՝ Պետիկ Պետրոսյանի «Նավամատույցներ» ցուցահանդեսի բացումը