Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 03-10-2017
Պարել ապրելու եւ ապրել պարելու համար
Մեզանից շատերը դեռ մանկուց ընտրում են որեւէ մասնագիտություն, արվեստի որեւէ ճյուղ։ Մենք սկսում ենք գիտակցել մեր հիմնական առավելությունը, եւ հենց այդ առավելության շնորհիվ է, որ մեզանից շատերը դառնում են հաջողակ: Պարարվեստի ոլորտում իր հաջողությունն է գրանցել Էդգար Կարապետյանը, ում համար պարը կյանք է։

Չնայած երիտասարդ տարիքին՝ Էդգարը հանդես է եկել բազմաթիվ բեմերում, հիմնել իր պարային դպրոցը․«Ես դեռ փոքր հասակից սիրել եմ ժողովրդական երգն ու պարը, եւ ինձ գրավել են ազգային երգին բնորոշ ելեւէջները, ուստի տարիների ընթացքում արդեն պարզ էր՝ պարն այն է, ինչն ինձ պետք է: Ինչ վերաբերում է բարդություններին, երբեք չեմ վախեցել դժվարություններ հաղթահարելուց, քանզի սիրելի  աշխատանքում բարդություններ հաղթահարելն իրական հաճույք է»։

Դժվարություններ հանդիպում են բոլոր ոլորտներում, եւ այդ առումով պարարվեստը բացառություն չէ: Ընդ որում՝ կարծես թե դժվարություններն այստեղ դեռ ավելին են։ Էդգար Կարապետյանն արվեստասերի համար թիվ 1 դժվարությունը համարում է իր հոգու խոսքը հանրությանը հասանելի եւ ընդունելի դարձնելը։



Ինչպես նշեցինք, երիտասարդ տարիքում Էդգարն արդեն իսկ ստեղծել է «Արծափը»՝ իր պարային դպրոցը. ««Արծափը» թանկ է ինձ համար այնքան, որքան փոքրիկը ծնողի, քանզի ես եմ ստեղծել ու կյանք տվել նրան: Դպրոցի սաների հետ մշտապես  փորձում ենք մասնակցել տարաբնույթ միջոցառումների, մրցույթների: Այս տարի «Արծափ» պարային դպրոցը նշեց իր 3-րդ տարեդարձը»։

Համառ, աշխատասեր, անհամբեր. հենց այսպես է իրեն բնութագրում պարարվեստի սիրահարը՝ անհատ, ով ապրում է պարով, ում համար պարը կյանք է, պարը հոգեբանություն է, գաղափարախոսություն, պարն ասելիք է հանդիսատեսին. «Իր աշխատանքը սիրող յուրաքանչյուր մարդ միշտ էլ կարողանում է սիրվել եւ գնահատվել իր իսկ տվածին համապատասխան»։

Մեր զրուցակիցն այն երիտասարդներին, ովքեր ցանկանում են ընտրել պարարվեստը կամ արդեն իսկ ընտրել են այդ ուղին, խորհուրդ է տալիս աշխատել էնտուզիազմով, քանի որ ինքը վստահ է՝ աշխատանքն է բոլոր հաղթանակների ու ձեռքբերումների լավագույն գրավականը։

Հավելենք, որ այժմ Էդգար Կարապետյանը պատրաստում է իր նոր պարային ներկայացումը՝ նվիրված Կոմիտաս վարդապետին: Ամենայն հավանականությամբ պարային ներկայացումը բեմում կլինի 2018 թվականի ապրիլին։