Նյութը՝ Դավիթ Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 02-10-2017
Նարեկ Դուրյան՝ «Մենք ենք, մեր ստերը». պրեմիերա
Հոկտեմբերի 5-ին եւ 7-ին «Բոհեմ» թատրոնում սպասվում է պրեմիերա: Կներկայացվի «Մենք ենք, մեր ստերը» կատակերգությունը՝ ըստ Դ. Պսաֆասի «Պահանջվում է ստախոս» պիեսի:

Տեղայնացումն ու բեմադրությունն իրականացրել է Նարեկ Դուրյանը, պրոդյուսերն է Քրիստինե Հովհաննիսյանը: Գլխավոր դերում Նարեկ Դուրյանն է:

«Պիեսը մի պատգամավորի մասին է, ով չի կարողանում սուտ խոսել եւ որպեսզի իր գործը հեշտացնի, ստախոս օգնական է փնտրում, որ կարողանա համոզել եւ ճանապարհել ընտրողներին՝ չնկատելով, որ իր տանն ունի ավելի ուժեղ ստախոս: Պարզվում է, որ նրա կինն ավելի լավ ստախոս է, քան գտնված օգնականը»,- մեզ հետ զրույցում տեղեկացրեց «Բոհեմ» թատրոնի պրոդյուսեր Քրիստինա Հովհաննիսյանը: 

Ներկայացումը նաեւ կին-տղամարդ հարաբերությունների մասին է. հնարավորություն է տալիս հասկանալու, թե ով է ավելի լավ ստախոս՝ կի՞նը, թե՞ տղամարդը:

Դերերում հանդես են գալիս Կարեն Միրիջանյանը, Զարուհի Հովհաննիսյանը, Թելման Առաքելյանը, Սիրանուշ Երիկյանը, Գարիկ Միրզոյանը, Սուսաննա Ղազարյանը, Տաթեւ Միրումյանը: 

Սիրված ներկայացումը 8 տարի անց վերադառնում է թարմ շնչով: «Մենք ենք, մեր ստերը» այսուհետեւ կընդգրկվի «Բոհեմ» թատրոնի խաղացանկում: