Նյութը՝ «Երիտասարդական միքս» ՀԿ-ից
Լուսանկարները՝ «Երիտասարդական միքս» ՀԿ-ից
Տեղադրվել է 02-10-2017
«Խթանելով երիտասարդական ձեռնարկատիրությունը գյուղատնտեսության միջոցով»
Սույն թվականի սեպտեմբերի 1-12-ը աշխարհի 8 երկրներից ժամանած 40 երիտասարդներ (Լատվիա, Հայաստան, Ռումինիա, Ուկրաինա, Իտալիա, Բուլղարիա, Վրաստան, Մոլդովա) հյուրընկալվեցին ԵՄ Էրասմուս + ծրագրի ֆինանսական աջակցությամբ կազմակերպված «Խթանելով երիտասարդական ձեռնարկատիրությունը գյուղատնտեսության միջոցով» միջազգային երիտասարդական փոխանակման ծրագրում։

Փոխանակման ծրագիրը անց է կացվել ք. Ծաղկաձորում եւ համակարգվել է «Կարսավա քաղաքի «Պուգա» երիտասարդական կենտրոն» ասոցիացիայի (Լատվիա) եւ «Երիտասարդական միքս» ՀԿ-ի (Հայաստան) կողմից։

«Խթանելով երիտասարդական ձեռնարկատիրությունը գյուղատնտեսության միջոցով» ծրագրի առանցքային նպատակն էր գյուղաբնակ երիտասարդներին փոխանցել ձեռնարկատիրական եւ գյուղատնտեսական հմտություններ, որոնք կնպաստեն գյուղական համայնքներում վերջիններիս կողմից բիզնեսի հիմնմանը կամ գյուղատնտեսության մեջ ներգրավմանը։ Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր մասնակից ստացել է տարբեր սածիլներ, խնամել դրանք ծրագրի ողջ ընթացքում եւ իրականացրել մշտադիտարկում։

Կազմակերպված դաշտային այցերի, արշավների եւ հանդիպումների միջոցով մասնակիցները փորձնական գիտելիքներ են ձեռք բերել էկո-գյուղատնտեսության, գյուղական տուրիզմի եւ միջոցառումների կազմակերպման վերաբերյալ, ինչպես նաեւ բացահայտել են գյուղական համայնքների եւ տեսարժան վայրերի ընձեռած բիզնես հնարավորություններն ու դրանց կարեւորությունը երիտասարդական գործազրկության դեմ պայքարում։

Փոխանակման ծրագիրը հիմնված էր ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանության վրա, որի շրջանակներում կիրառվել են այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են` համագործակցային խաղերը, կլոր սեղանները, խմբային աշխատանքները, արշավները, սիմուլիացիոն խաղերը եւ այլն։