Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 27-09-2017
Երեւանում բացվեց 16-րդ դարի հայկական վիշապագորգի խճանկարը
Երեւանի քաղաքապետարանի առաջարկությամբ «Մեգերյան կարպետ» ընկերության կողմից մայրաքաղաքի Կարապի լճի հարեւանությամբ բացվեց հայկական վիշապագորգի խճանկարը:

Գույնզգույն եւ կիսաթանկարժեք քարերով պատրաստված խճանկարի հանդիսավոր բացման արարողությանը ներկա էին նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը եւ այլ պաշտոնատար անձինք:

Մեգերյան ընտանիքն այդպիսով յուրահատուկ նվեր է մատուցել մեր սիրելի քաղաքին, որն արտահայտում է մեր մշակութային ժառանգության մի մասը: 

Երեւանի քաղաքապետի խորհրդական, քաղաքի գլխավոր դիզայներ Գագա Ամատունին լրագրողների հետ զրույցում նշեց, որ Երեւանի սրտում գորգաձեւ խճանկարի տեղադրման միտքը վաղուց է եղել, ուստի որոշում է կայացվել, որպեսզի այն լինի ամենահին գորգերից մեկը՝ վիշապագորգը: «Դրա կապակցությամբ համագործակցություն ծավալեցինք «Մեգերյան կարպետ» ընկերության հետ, որը մեծ սիրով համաձայնեց: Իրականում այն ունի շատ թեթեւ, բայց ամուր կոնստրուկցիա, որպեսզի խոտածածկը չվնասվեր: Ունի ավելի քան 900 հազար քարի կտոր, բեկոր, որոնց մեջ կան նաեւ կիսաթանկարժեք քարեր»,- նշեց Գագա Ամատունին եւ հույս հայտնեց, որ այն դուր կգա մեր քաղաքացիներին, ինչպես նաեւ զբոսաշրջիկներին: 

Րաֆֆի Մեգերյանը ողջույնի իր խոսքում շնորհակալություն է հայտնել Երեւանի քաղաքապետին՝ ընկերության ծրագրերին մշտապես աջակցելու համար՝ ընդգծելով, որ քաղաքապետարանի այդ առաջարկը յուրօրինակ քայլ է, ինչպես նաեւ եւս մեկ հնարավորություն՝ հայկական մշակութային ժառանգությունն այդ կերպ ներկայացնելու համար: 

Նշենք, որ խճանկարում արտացոլված է Լոնդոնի պատմության թանգարանում գտնվող 16-րդ դարի հայկական վիշապագորգը։

Պատկերասրահ՝ Հայկական վիշապագորգի խճանկարի բացման արարողությունը