Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 27-09-2017
Մեկնարկել է «ԱրմԹեք 2017»-ը
Այսօր Երեւանում մեկնարկել է Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի 10-րդ՝ «ԱրմԹեք 2017» գլոբալ համաժողովը:

Միջոցառման հիմնական նպատակն է աջակցել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը՝ խթանելով միջազգային գործարար կապերի ամրապնդումը եւ ներդրումների աճը:

Այս տարի ֆորումը նվիրված է կիբերանվտանգության ոլորտին: Քննարկման գլխավոր թեմաներն են՝ կիբերանվտանգության զարգացման մարտահրավերները եւ ռազմավարական ուղղությունը, կիբեր սպառնալիքները եւ պաշտպանվելու հնարավորությունները մասնավոր եւ հանրային հատվածում:

Համաժողովի բացմանը ներկա է գտնվել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան: Այս տարի «ԱրմԹեք 2017»-ը ներգրավել է ավելի քան 200 մասնակցի: 

Ողջունելով մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ ամենամյա այդ միջոցառումը կարեւոր հարթակ է ոլորտի ձեռքբերումների ներկայացման, նոր գործարար եւ ներդրումային հնարավորությունների հայտնաբերման, համագործակցության խթանման եւ փորձի փոխանակման համար. «Հայաստանի Հանրապետության Կառավարությունը, առաջնորդվելով տնտեսության մրցունակության բարձրացման եւ շարունակական տնտեսական աճի ապահովման հրամայականներով, կարեւորում է այս ոլորտը, կարեւորում է գիտելիքի վրա հիմնված տնտեսություն կառուցելու անհրաժեշտությունը»: 

Համաշխարհային տեխնոլոգիական քարտեզում Հայաստանն իր դիրքերն ուժեղացնում է շնորհիվ որակյալ կադրերի։ Վարչապետը շեշտել է՝ Հայաստանն ունի մրցակցային առավելություններ՝ հարեւանների, Արեւելյան Եվրոպայի պետությունների համեմատ։ 

Վարչապետն ընդգծել է նաեւ, որ 2008-2016 թթ. ընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գրանցվել է տարեկան միջինը 20-22 տոկոս աճ, ինչը պայմանավորված է նաեւ ՀՀ Կառավարության կողմից իրականացվող քաղաքականությամբ:

Հիշեցնենք, որ համաժողովի կազմակերպիչներն են ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը եւ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը:

Պատկերասրահ՝ Մեկնարկեց «ԱրմԹեք 2017»-ը