Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ www.president.am կայքից
Տեղադրվել է 22-09-2017
Մշակույթի ոլորտի ներկայացուցիչները պարգեւների են արժանացել Անկախության տոնի առթիվ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով` Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ տարբեր ոլորտներում նշանակալի ավանդի համար մի խումբ գործիչներ սեպտեմբերի 21-ին պարգեւատրվել են Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգեւներով՝ շքանշաններով եւ մեդալներով, շնորհվել են նաեւ պատվավոր կոչումներ:

Այսպես` երգարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար երգիչ Մհեր Մեսրոպյանին, երգչուհի Սիրանուշ Հարությունյանին (Սիրուշո), երգիչ Արտո Թունջբոյաջյանին, երգիչ Արամ Եղիազարյանին (Արամե) շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում: 

Արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար դերասան Մկրտիչ Արզումանյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում:

Թատերական արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար դերասան Ռուդոլֆ Ղեւոնդյանին, ռեժիսոր, «Բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ»» կենտրոնի դերասան Սամսոն Ստեփանյանին, դերասան Արտուշ Ալեքսանյանին, դերասանուհի Մայրանուշ Գրիգորյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում:

Կինոարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում է ստացել կինոռեժիսոր Ռուբեն Քոչարը:

Երաժշտարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Հովհաննես Այվազյանին եւ դաշնակահարուհի Ցողիկ Մխիթարյանին շնորհվել է վաստակավոր արտիստի պատվավոր կոչում: Պարարվեստի բնագավառում նմանօրինակ բարձր կոչմանն են արժանացել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատարներ Սեւակ Ավետիսյանը ու Մերի Հովհաննիսյանը, ինչպես նաեւ Աննա Կարապետյանը: 

Թատերական արվեստի բնագավառում այդպիսի պատվավոր կոչման են արժանացել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Արմեն Մարգարյանը, Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Վրույր Հարությունյանը, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Սամվել Խաչատրյանը: 

Մշակույթի բնագավառում ունեցած վաստակի համար ՀՀ վաստակավոր գործիչ է դարձել գրող, երգահան, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի խորհրդական Ստեփան Դավթյանը: 

Պարգեւների են արժանացել նաեւ մեր գործընկերները: Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ եւ լրագրության բնագավառում ունեցած վաստակի համար ՀՀ վաստակավոր լրագրողի պատվավոր կոչման են արժանացել «Արմենպրես» լրատվական գործակալության ֆոտոլրատվության խմբագրության պատասխանատու խմբագիր Ֆրիդիկ Առուստամյանը եւ «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթի գլխավոր խմբագիր Ելենա Կուրդիյանը: 

Շնորհավորում ենք բոլոր մրցանակակիրներին: