Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 21-09-2017
«Kingsman. Ոսկե շրջանը». բացահայտելով առեղծվածն ու կրկին փրկելով աշխարհը
Ինչպե՞ս է կենդանի մնացել Մեթյու Վոնի «Kingsman. Գաղտնի ծառայություն» ֆիլմի գլխավոր հերոսներից մեկը: Ինչպե՞ս է հայտնվել ֆիլմի սիքվելում: «Kingsman. Ոսկե շրջանը» ֆիլմում առաջին մասի գլխավոր առեղծվածն այլեւս բացահայտվել է:

Սեպտեմբերի 20-ին «Սինեմա Սթար» կինոթատրոնում տեղի ունեցավ «Kingsman» ֆիլմի երկրորդ մասի բացառիկ փակ ցուցադրությունը, որին մասնակցեց նաեւ Eritasard.am-ը: Ի դեպ, ֆիլմը հայաստանյան կինովարձույթում կհայտնվի մեկ օր անց՝ սեպտեմբերի 21-ին: 

Եթե չեք հասցրել դիտել ֆիլմն ու ցանկանում եք խուսափել սփոյլերներից, խորհուրդ ենք տալիս նյութը չկարդալ: Իսկ եթե, այնուամենայնիվ, շարունակում եք կարդալ, ապա պատրաստվե՛ք. ֆիլմի հերոսներն աշխարհը փրկելու շատ քիչ ժամանակ ունեն: 
Rotten Tomatoes-ում ֆիլմի թարմությունը գնահատվում է 56%, վարկանիշը՝ 5.1/10, իսկ IMDB-ում՝ 7,8/10: 

Այս կինոնկարը, իսկապես, տարվա ամենասպասված ֆիլմերից է: Երկու տարի առաջ՝ 2015-ին, կինոէկրաններին հայտնված առաջին Քինգսմանը հանդիսատեսին հետաքրքրեց սյուժեի, երկխոսությունների ու հումորի շնորհիվ: Ընտրված թե՛ դրական ու թե՛ բացասական կերպարներն էլ էին հետաքրքիր: Գլխավոր հերոս Էգսին դեռ չգիտի, ինչով է զբաղվելու: Տարիներ առաջ զոհվել է նրա հայրը, մայրն էլ ապրում է հանցագործ հիմարի հետ, ով ստորացնում է նրան եւ տղային: Տղայի կյանքն ամբողջովին փոխվում է, երբ նա հանդիպում է հոր ընկերոջը՝ Գալահադ մականվամբ ջենթլմենին: Վերջինս գաղտնի ծառայության աշխատակից է. ծառայություն, որը փնտրում է նոր նվիրյալների…

Կինոպատման առաջին ֆիլմը դիտածները գիտեն՝ ֆիլմում ցույց են տալիս, թե ինչպես է Գալահադը մահանում: Սակայն առաջին ֆիլմից հետո եղած հաջողությունը երկրորդ ֆիլմ վերադարձրեց դերասան Քոլին Ֆերթի մարմնավորած հերոսին: Այն բանից հետո, երբ հայտարարվեց, որ Ֆերթը խաղալու է երկրորդ ֆիլմում, երկրպագուներին տանջում էր հետեւյալ հարցը՝ ինչպե՞ս է փրկվել հերոսն արյունալի ու սոսկալի դեպքերից հետո: Պատասխանը բավականին պարզ էր. հերոսին փրկել են: Իսկ թե ինչպես՝ կիմանաք կինոնկարում: 

Երկրորդ ֆիլմում փորձ է արվում իսպառ վերացնել Kingsman գաղտնի ծառայության գլխամասը: Բախտի բերմամբ, թե պատահմամբ, այն պահին, երբ բոլոր գործակալների ու գլխամասի շենքերին ռումբեր են նետում, Էգսին եւ Մերլինը ո՛չ իրենց բնակարաններում են լինում, ո՛չ գրասենյակում: 

Ավելի վաղ հայտնված թշնամին՝ նախորդ մասից քաջ հայտնի Չարլին ու նոր ախոյանը՝ Փոփփին, գլխավոր անտոգոնիստներն են: Ի դեպ, Ջուլիանա Մուրը ֆանտաստիկ է խաղում չարագործի դերում: Ի՜նչ ասես արժի նրա մսաղացը, իսկ ռոբոտների նկատմամբ սիրո մասին կարելի է նույնիսկ չնշել:  

Մնալով երկուսով՝ բրիտանացի գործակալները բացահայտում են, որ իրենց կազմակերպության հետ ստեղծվել է նաեւ ամերիկյան հետախուզական Statesman կազմակերպությունը: Այժմ այդ երկու կազմակերպությունները պետք է միավորվեն՝ եւս մեկ անգամ աշխարհը փրկելու համար: Առաջադրանքը նույնն է, փոխվել են թշնամին ու նրա վարած մեթոդները: 

Ֆիլմի մասին խոսելիս անհնար է չհիշատակել Էլթոն Ջոնին: Այո՛, այո՛, սխալ չեք կարդացել: Հանրահայտ բրիտանացի ռոք երգիչ, կոմպոզիտոր, երգահան եւ դաշնակահար Էլթոն Ջոնը ֆիլմում մարմնավորում է իրեն: Տեղ-տեղ՝ զվարճալի, տեղ-տեղ՝ խեղճ, վերջում էլ՝ փոքր-ինչ համարձակ… Հետաքրքիր է ստացվել: 

Ի դեպ, արտասահմանյան կինոքննադատները բաժանվել են երկու մասին. մի մասը կարծում է, որ կինոպատման առաջին մասն էր լավագույնը, իսկ այս մասն անհետաքրքիր է ու անիմաստ, մյուս մասն էլ գովաբանում է այն՝ նշելով, որ այն օժտված է յուրահատուկ լուծումներով: Հարկ է նշել սակայն, որ ֆիլմը տեղ-տեղ «հարգանքի տուրք» է մատուցում Ջեյմս Բոնդի մասին պատմող կինոպատմանը. որոշ հատվածներում կարելի է դիտարկել տիպիկ «բոնդիանական» տեսարաններ: 

Մի բան հաստատ է՝ «Տղամարդու վարվելակերպն իր դեմքն է», ինչպես ասում են հերոսներն արդեն որերորդ անգամ: Այս մեկն էլ բացառություն չէ, ու այս ֆիլմում էլ հերթական անգամ մատնանշվում է, որ ջենթլմենները հաղթում են. երեւի այն պարզ պատճառով, որ երբեք չեն հանձնվում: 

Թրեյլեր՝