Նյութը՝ «Համայնքային եւ երիտասարդական նախաձեռնությունների ակումբ» ՀԿ-ից
Լուսանկարները՝ Արփինե Նիկոլյանի եւ «Համայնքային եւ երիտասարդական նախաձեռնությունների ակումբ» ՀԿ-ից
Տեղադրվել է 21-09-2017
RURAL emPOWER - երիտասարդների մասնակցությունը որոշումների կայացմանը
Սեպտեմբերի 15-19-ը Սառնաղբյուրի «Համայնքային եւ երիտասարդական նախաձեռնությունների ակումբ» հասարակական կազմակերպությունը Եվրոպական երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ Թորոսգյուղում իրականացրեց «RURAL emPOWER - երիտասարդների մասնակցությունը որոշումների կայացմանը» դասընթացը, որին մասնակցում էին 16-30 տարեկան երիտասարդներ Լոռի եւ Շիրակ մարզերի տարբեր համայնքներից:

Դասընթացի նպատակն էր խթանել գյուղաբնակ երիտասարդության մասնակցությունը ժողովրդավարական գործընթացներին եւ որոշումների կայացմանը Շիրակ եւ Լոռի մարզերի գյուղական համայնքներում՝ աջակցելով նրանց բացահայտել իրենց առաջնորդական ներուժը, խթանել ինքնավստահության ու ինքնակազմակերպման հմտությունները:



Դասընթացի ժամանակ երիտասարդները վեր հանցին իրենց համայնքներում առկա երիտասարդական մասնակցությանը խոչընդոտող խնդիրները եւ կատարեցին կարիքի գնահատում:  Ուսուցանողների կողմից տրամադրված տեսական նյութերի եւ գործնական վարժությունների, դերախաղերի եւ խմբային աշխատանքների միջոցով մասնակիցները ծանոթացան երիտասարդական մասնակցության ձեւերի եւ մոդելների հետ, քննարկեցին, թե ինչպես կարող են իրենց համայնքներում մասնակցել որոշումների կայացման գործընթացներին եւ ինչպես կարող են ապահովել համայնքի մյուս երիտասարդների  ներգրավվածությունը: 

Որպես ակտիվ երիտասարդներ, ովքեր ցանկանում են իրենց ձայնը լսելի դարձնել, ծանոթացան առաջնորդության հմտություններին, ավելի լավ պատկերացրեցին առաջնորդի եւ կառավարչի տարբերությունները եւ ձեռք բերեցին արդյունավետ հաղորդակցման հմտություններ: 



Դասընթացի ընթացքում երիտասարդները հնարավորություն ունեցան հանդիպելու եւ իրենց հարցերն ուղղելու Սառնաղբյուր, Ցողամարգ եւ Թորոսգյուղ համայնքների ՏԻՄ ներկայացուցիչներին, միասին քննարկեցին ՏԻՄ-երիտասարդ համագործակցության հնարավոր տարբերակները եւ արդեն ունեցած փորձառությունները: 

ՀԿ նախագահ եւ դասընթացի ուսուցանող Կարեն Այվազյանը նշում է, որ գյուղաբնակ երիտասարդությունն այսօր կարիք ունի հզորացման, որպեսզի նպաստի գյուղի զարգացմանն ու դրսեւորվի որպես ակտիվ ու պատասխանատու քաղաքացի, ով անտարբեր չէ իր եւ իր հասակակիցների համար ընդունվող որոշումների նկատմամբ: Նա նաեւ կարեւորում է երիտասարդների մոտ մասնակցային վարքագծի ձեւավորումը, ՏԻՄ-ի հանդեպ անվստահության վերացումն ու համագործակցության ուղիների ստեղծումը:



Դասընթացի աշխարհագրությունն ու թիրախն ավելի մեծացնելու եւ արդյունքները բազմապատկելու համար մասնակիցներն ուսուցանողների աջակցությամբ մշակեցին ծրագրեր, որոնք ուղղված են երիտասարդների մասնակցության խթանմանը: 

Առաջիկայում առնվազն 10 ծրագիր կիրականացվի մասնակից համայնքներում՝ կազմակերպության եւ ուսուցանողների աջակցությամբ՝ ընդգրկելով ավելի մեծ թվով երիտասարդների: