Նյութը՝ Թամարա Գասպարյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 21-09-2017
Հայաստանի Հանրապետությունը 26 տարեկան է
«Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ժողովրդավարական հանրապետություն` ԽՍՀՄ կազմից դուրս»,- հենց այս հարցը 1991 թ. սեպտեմբերի 21-ին կայացած հանրաքվեի ժամանակ առաջադրվեց դեռեւս Խորհրդային Հայաստանի քաղաքացիներին, որոնց 94,99 տոկոսն «ԱՅՈ» ասաց անկախությանը: Երկու օր անց` սեպտեմբերի 23-ին, Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան պետություն: Հանրաքվեին ներկա էին 117 դիտորդներ՝ 25 երկրներից:

Հայաստանի Հանրապետության անկախության մասին Գերագույն խորհրդի որոշումն ընթերցեց պատգամավոր Արամ Մանուկյանը: Վերջինիս ընտրությունը պատահական չէր. Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակագիրը կարդացել էր պատգամավորի անվանակիցը: Հայաստանի Երրորդ Հանրապետությունը ժառանգեց առաջինի պետական խորհրդանիշները, ստեղծեց զինված ուժեր, սեփական դրամ: 

Տասնյակ պետություններ ճանաչեցին Հայաստանի Հանրապետությունը: Առաջինը Լիտվան էր, որ ՀՀ-ն ճանաչել էր մինչեւ անկախության հռչակումը` 1991 թ. օգոստոսի 14-ին: Իսկ հետո՝ այդ տարվա ընթացքում, եւս 47 պետություն ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը:

Արդեն ավանդույթ է դարձել ամեն տարի նշել Հայաստանի Հանրապետության Անկախության տոնը: Ամբողջ երկրում՝ հատկապես մայրաքաղաքում, սեպտեմբերի 21-ին կազմակերպվում են հետաքրքիր ու գեղեցիկ միջոցառումներ, տոնական համերգներ, ցուցահանդեսներ, մրցույթներ, իսկ վերջում հրավառություն՝ Հանրապետության հրապարակում: Տոնակատարություններին մեծ ոգեւորությամբ հատկապես սպասում են երիտասարդներն ու մեր երկրում գտնվող զբոսաշրջիկները:  

Պատկերասրահ՝ 21.09.2017